Փաշինյանի պատասխանը Օհանյանին․ մենք 2020-ին չգիտեինք

  • 12:14 10.04.2024

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Արցախի բանակցային գործընթացի խեղաթյուրման եւս մեկ փորձ իրականացրեցիք այսօր։ Ձեր ազգային անվտանգության ռազմավարության ուղերձի 6-րդ կետում նշված է՝ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում, որը կարող է ընդունելի լինել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։ Արցախի թեման դուք ամբողջական փակում եք, ո՞րն է Արցախի նկատմամբ ձեր ռազմավարությունը»։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այո, այդ փաստաթուղթը, որի մասին խոսում եք, ընդունվել է կարծեմ 2020 թվականին։ Եվ մենք հետեւողականորեն աշխատել ենք այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Բայց այս աշխատանքի ընթացքում է, որ բացել ենք Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը, մութ ու հեռու անկյուններում հասանելի չեն եղել։ Այն, ինչ ես ասում եմ, ես անդրադառնում եմ կոնկրետ փաստերի։ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի մասին եմ խոսում, դրանից առաջվա փաստաթղթերի մասին եմ խոսում, դրանից հետոյի փաստաթղթերի մասին եմ խոսում»։

Սեյրան Օհանյանն ասաց, որ եթե միջազգային հանրությունն Արցախյան ամբողջ գոյամարտը եւ բանակցային գործընթացը Արցախի ժողովրդի ինքնորոշման համար օրինակելի չհամարեին, ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր ստեղծվի, եւ միջազգային հանրությունը դրա ակունքներում չէր դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը։

Նիկոլ Փաշինյանը նման արձագանք տվեց․ «Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում՝ գնացեք եւ վերցրեք նայեք ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ, այո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, եւ ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերանախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից։ Ինչո՞ւ եք ժխտում այս իրողությունը»։

 

f