Կառավարությունը շեղվել է նախընտրական ծրագրից․ “լուծումը ո՞րն է՝ հրաժարական, հեռացում, ընտրություններ”

  • 13:32 10.04.2024

«Կարո՞ղ եք մատնանշել որեւէ երկիր, որեւէ վայր, որտեղ արգելված կլինի վտարանդի կառավարության գործունեությունը»,- ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արցախի պետական կառույցների գործունեությանը։

«Ես չգիտեմ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների որեւէ դրույթ, որը նախատեսում է Հայաստանում վտարանդի կառավարության կամ Ազգային ժողովի գործունեություն»,- պատասխանեց Փաշինյանը։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շեղվել է նախընտրական ծրագրից, հաճախ ծրագրի ուղիղ հակառակն է իրականացնում․ «Խոսում էիք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, անվտանգության ապահովման մասին, հիմա այլ հետեւանքների մասին եք խոսում։ Եվ դրա՝ որպես ժողովրդավորության բաստիոն հռչակած երկրի լուծումը ո՞րն է՝ հրաժարական, հեռացում, ընտրություններ, նոր կառավարություն։ Եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այդպիսի կառավարությունը լինել լեգիտիմ»։

Փաշինյանը նման կերպ արձագանքեց․ «Այո, ճիշտ եք ասում, այդ ծրագրում գրված է եղել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, ես եկել եմ, ասել եմ՝ ժողովուրդ, եկեք առերեսվենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ մենք նկատի ենք ունեցել։ Նրանք, ովքեր ստեղծել են ինքնորոշում բառն ու եզրույթը, ասում են՝ հարգելի հայաստանցիներ, հարգելի Լեռնային ղարաբաղցիներ, այո, ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով։ Երբ ես եկել ու ասել եմ, որ պետք է նշաձողն իջեցնել, ես 2021 թվականի այդ նախընտրական ծրագրի հետեւից եմ գնացել։ Եվ գիտե՞ք ինչու է Լեռնային Ղարաբաղը հայաթափվել, որովհետեւ մենք բոլորս չենք առնչվել այս պարզ իրողության հետ։ Միջազգային հանրությունը ինձ ասել է, ձեզ ասել է, մեզ բոլորիս ասել է՝ հարգելիներս դուք այս գրածը կարդացեք, ձեր քաղաքականությունը կառուցեք ըստ այդմ, որ դուք հասկանալի լինեք աշխարհին, որովհետեւ ոչ ոք չի հասկանում՝ դուք ի՞նչ եք ասում»։

Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է փաստերը։

 

f