«Ցեղասպանության ներքին սպառնալիքի» ստեղծումը` ծանրագույն հանցագործություն

  • 18:43 14.05.2024

Մայիսի 10-ին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որը սկսում է հետեւյալ կերպ. «Արցախի ցեղասպանությունից հետո Լեմկինի ինստիտուտը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում ակտիվ կանխարգելման աշխատանքներին` միաժամանակ ջատագով լինելով արդարության և հաշվետվողականության համար»:

Հատկանշական է, որ հայտարարությունը, որը վերաբերում է «Ցեղասպանության ժխտմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առեղծվածային մասնակցությանը», սկսվում է Արցախում 2020-2023 թվականներին տևած ցեղասպանության մասին հիշատակմամբ, որն ավարտվել է հայերի զանգվածային գաղթով իր պապենական հողից։

Ավելին, ինստիտուտն ընդգծում է, որ երբեք չի միջամտում պետությունների ներքին գործերին, եթե չկա ցեղասպանության ներքին սպառնալիք։

Շատ հստակ սահմանում է «ցեղասպանության ներքին սպառնալիքը»:

Ինքը՝ Հայաստանի վարչապետը, իր անգրագետ քաղաքականությամբ վտանգ է ստեղծել Արցախում, հիմա էլ՝ Հայաստանում։

Փաշինյանի գործունեության հանցավորությունը կայանում է նրանում, որ նա 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը դնում է ոչ թե քեմալական կառավարության, այլ հայ ժողովրդի վրա, որի ազատության ձգտումը կամ ընտրությունը «ստիպեց», որ ցեղասպան հարևանները բնաջնջել ամբողջ ժողովուրդ միայն այն պատճառով, որ հայ է, միայն այն պատճառով, որ, նրանց կարծիքով, հայերը խանգարում են ապրել։

Եթե ​​հիշենք Փաշինյանի ուղերձը հայ ժողովրդին՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նա ասաց հետևյալը. «Պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:»։

Այսինքն՝ Հայաստանի վարչապետը լիովին գիտակցում է, որ պետականություն չունեցող ժողովուրդը դառնում է աշխարհաքաղաքական խաղերի եւ սակարկության առարկա։ Եվ այս ամենով հանդերձ Փաշինյանն ինքը փչացնում է իր ղեկավարած երկրի պետականությունը և զրկում ինքնիշխանությունից։ Ավելին, հենց ինքը՝ պետության ղեկավարը, իր անհեռատես ու հանցավոր քաղաքականությամբ, խախտելով Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, մեր երկիրը տանում է դեպի նոր ցեղասպանություն։

Դրա վառ ապացույցը Արցախի պետականությունը վերացնելու և Ադրբեջանին հանձնելու ռուս-թուրք-ադրբեջանական անօրինական ծրագրին մեղսակցությունն է։

Բայց պարզվեց, որ սա բավարար չէ։ Փաշինյանը գործնականում համաձայնել է թշնամուն հանձնել Հայաստանի ռազմավարական բարձունքները։ Ընդ որում, դրանք պարզապես բարձունքներ չեն, որտեղից ադրբեջանական զինուժը վերահսկում է Հայաստանի ողջ տարածքը, նրա տրանսպորտային զարկերակները, գազատարը և այլն։ Ադրբեջանական զորքերը հայտնվել են Հայաստանի բոլոր ջրային ռեսուրսների ակունքներում, ինչը բնապահպանական աղետով է սպառնում հանրապետության ողջ բնակչությանը։ Ադրբեջանը մոտեցել է Հայաստանի քաղցրահամ ջրի գլխավոր ջրամբարին՝ Սևանա լճին։

«Ցեղասպանության ներքին սպառնալիքի» ստեղծման մեկ այլ ապացույց է Տավուշում հողերի ապօրինի հանձնումը․ ոչնչացվել է շփման գիծը, և փաստորեն բացվել է առաջնագիծ (չեզոք գոտին մաքրվել է ականներից)՝ ադրբեջանական զորքերի հայկական գյուղերի տարածք ազատ ներթափանցման համար։

Ինչ է տեղի ունենում, երբ ադրբեջանցի հրոսակները հայտնվում են հայկական բնակավայրերում, հայտնի է 2020 թվականից, երբ Հադրութում, Շուշիում և այլ վայրերում խաղաղ բնակիչներին դաժանորեն գլխատեցին, անդամահատեցին, գնդակահարեցին, իսկ շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Փաշինյանն իր հանցավոր քաղաքականությամբ «սահմանազատման և սահմանագծման» անվան տակ արդեն վտանգի տակ է դրել Տավուշի առնվազն մի քանի գյուղերի բնակիչների կյանք։

Վտանգի տակ է հայտնվում այն մարդկանց կյանքը, ովքեր Հայաստանից կմեկնեն Վրաստանի և արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհով, քանի որ միջպետական ​​ճանապարհն այժմ հեշտությամբ գնդակոծվելու է ադրբեջանական զինուժի կողմից։ Ձմռանը Հայաստանի բնակիչները կկանգնեն ցրտահարության վտանգի տակ, քանի որ գազատարը կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ինչպես տեսնում ենք, Լեմկինի ինստիտուտն իր հայտարարությունը հենց այնպես չի սկսել Արցախի ցեղասպանությունը հիշատակելով։ Արցախում մշակված ցեղասպանության սցենարը՝ ստեղծել անտանելի պայմաններ պետական ​​կառույցների բնականոն գործունեության համար (Քարվաճառի և Քաշաթաղի հանձնում, մարդասիրական միջանցքի հանձնում, շրջափակում) այժմ կիրառվում է Հայաստանում։

Փաշինյանն ու իր թիմը, ըստ երևույթին, չեն գիտակցում, որ դատարանի առաջ են կանգնելու «ցեղասպանության ներքին սպառնալիք» ստեղծելու համար։ Կարծես իշխանությունը պահպանելու տենչը նրանց զրկել է ողջախոհությունից։

Մարգարիտա Քարամյան

f