Միջազգային համաժողով Երևանում. հայ ժողովուրդն առաջինն է իր վրա զգացել «փոփոխվող աշխարհը»

  • 16:37 06.06.2024

Հունիսի 6-ին Երևանում մեկնարկեց «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են եվրոպական երկրների, մասնավորապես՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչներ։

Համաժողովի առաջին օրվա վարող, քաղաքագետ, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի խոսքով, երկու օրերի ընթացքում համաժողովը կքննարկի համապարփակ անվտանգության համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև բանակում բարեփոխումներին վերաբերող արդիական հարցեր, ինչը թույլ կտա Հայաստանում ստեղծել նմանատիպ համակարգ։

Անվտանգության համակարգերի մասնագետ, քաղաքագիտական գիտությունների դոկտոր Հռաչյա Արզումանյանը անվտանգության համապարփակ համակարգի մասին խոսում է 2020 թ․ պատերազմից ի վեր, որը ցույց է տվել, թե ինչպես է ադրբեջանի հետ պատերազմի պատրաստվող հայկական բանակը 2020-ին ստիպված եղել բախվել ագրեսիանի՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի մասնակցությամբ՝ Սիրիայից վարձկանների ներգրավվմամբ։ Հայկական բանակն ու հայ ժողովուրդն առաջինն են իրենց վրա զգացել «փոփոխվող աշխարհը»։

Այն ժամանակ էլ բացահայտվեցին հայկական զինված ուժերի, այդ թվում՝ Արցախի ՊԲ-ի հիմնական թերությունները, որոնցից գլխավորը հենց բանակի անպատրաստ լինելն էր, այսպես կոչված, 5-րդ սերնդի պատերազմներին, ինչպես նաև մոբիլիզացիային։

Այդ իսկ պատճառով հայ հասարակության մեջ պատերազմին հակազդելու գաղափար է առաջացել՝ բանակի հետ ողջ հասարակության փոխգործակցություն։

Ըստ Հ.Արզումանյանի, Հայաստանը կարող է դառնալ յուրատեսակ լաբորատորիա, որտեղ հնարավոր կլինի մշակել համապարփակ պաշտպանական համակարգ հաջորդ պատերազմի սկսվելուց շատ առաջ։ Հայաստանում այս գործընթացն արդեն ընթանում է ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների (ՈՄԱ, ԱԶԱՏԱԶԵՆ, ՈԳԵԶԵՆ) մասնակցությամբ։ Սակայն արդեն կա փորձ Էստոնիայից, Ֆինլանդիայից, որտեղ նմանատիպ համակարգերն արդեն ստեղծած են։

Սակայն, ըստ Արզումանյանի, պետությունը և մասնավորապես բանակը փակվում են հասարակությունից, և դա դառնում է հիմնական խնդիրը, քանի որ համապարփակ համակարգի ստեղծումը պահանջում է հասարակության, պետության, բիզնեսի փոխգործակցություն։ Եվ այստեղ շատ կարևոր է այլ երկրների փորձը, որոնց հաջողվել է կառուցել նմանատիպ համակարգ։

Չեմ կարող չհիշել 90-ականներին Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։ Չնայած այն հանգամանքին, որ հայ երիտասարդները չունեին մարտական ​​անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, նրանք ենթագիտակցորեն հասկանում էին, որ պետք է տեր կանգնեն իրենց ընտանիքների, ծերերի, կանանց և երեխաների պաշտպանությանը, քանի որ դա ցեղասպանությունից պաշտպանվելու միակ միջոցն էր։

Հիասթափված և համոզված լինելով, որ խորհրդային զորքերը չեն պաշտպանել հայերին Բաքվում եւ Արցախի բնակիչներին, բոլորը 1991-ին հասկացան, որ պետք է ձեռքն առնեն ունեցած զենքերը և տեր կանգնեն իրենց երկրին։

Այս օրերին, կարծես թե, որոշակիորեն մարել է այդ գիտակցությունը, ինչի մասին խոսեցին Էստոնիայից ժամանած բանախոս Մարեկ Կոհվը և Էդուարդ Աբրահամյանը։ Նրանց կարծիքով՝ ամենամեծ խնդիրը խորհրդային մտածողությունն է, որը հետխորհրդային գրեթե բոլոր երկրների հասարակություններում դեռ վերացված չէ։

Ըստ Է.Աբրահամյանի, հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ մեր երկրի սահմանները գծել է Ռուսաստանը, եւ ոչ որպես անկախ պետության սահմաններ։ Անվտանգության նոր համակարգ ստեղծելու համար հասարակությունն ինքը պետք է մոտիվացված լինի պաշտպանելու սեփական պետությունը։

Այդ իսկ պատճառով ընդգծվում է Էստոնիայի, Ֆինլանդիայի, Սինգապուրի, Թայվանի և այլնի փորձի ուսումնասիրման և ներդրման կարևորությունը։

Համաժողովի մասնակիցները միակարծիք են, որ ժամանակակից բանակները, այդ թվում՝ հայկականը, խորը բարեփոխումների կարիք ունեն։ Սկսած «գողական մշակույթի» վերացումից, վերջացրած կադրերի վերապատրաստումով և ժամանակակից պատերազմներին համապատասխան վերազինմամբ։

Մարգարիտա Քարամյան

f