
Երբ անհետացողները մնում են սրտում, իսկ ցավը՝ մարմնում
2023-ի սեպտեմբերի 25-ին Լիլիթ Մնացականյանի կյանքը բաժանվեց «մինչ» եւ «հետո» հատվածների։ Այդ օրը նրա երեք եղբայրները գտնվում էին Ստեփանակերտի մերձակա Հայկազով կոչվող վայրում՝ այնտեղ, որտեղ հազարավոր արցախցիներ հուսահատորեն սպասում էին մի քանի լիտր բենզինի, որ կարողանան լքել շրջափակված Արցախը։
Բայց տեղի ունեցավ աղետ։ Վառելիքի պահեստի պայթյունը խլեց 238 քաղաքացու կյանք, եւս 23-ը համարվեցին անհետ կորած։
Լիլիթի եղբայրներից մեկի՝ հորաքրոջ որդու ԴՆԹ-ն մի քանի շաբաթ անց նույնականացվեց։ Սակայն Լիլիթի հարազատ եղբայրները՝ Եղիշեն եւ Լեռնիկը, այդ օրվանից մինչ օրս համարվում են անհետ կորածներ։ ԴՆԹ արդյունքներ չկան։ Ոչ մահվան պաշտոնական փաստ, ոչ գերության ապացույց, ոչ մի ճշգրտում։ Միայն՝ սպասում։
«Վերջին անգամ, որ խոսեցինք, Լեռնիկն ասաց՝ շուտով մեր հերթն է, բենզինը վերցնում ենք գանք…», — հիշում է Անահիտը՝ Լեռնիկի կինը։
Ընտանիքը ամիսներ շարունակ փնտրել է եղբայրներին՝ դիահերձարաններում, ռուսական ու ադրբեջանական անցակետերում, միջազգային կառույցների միջոցով։ Շշուկներից բացի՝ հաստատված ոչ մի տեղեկություն չկա։
Եղբայրների որոնումից՝ քաղցկեղի դեմ պայքար
Այս բոլոր ամիսների ընթացքում Լիլիթը դարձել էր ընտանիքի սյունը։ Երբ մնացածը չգիտեին՝ ինչ անել, նա էր դիմում, փնտրում, պահանջում։ Բայց պայքարի, անքուն գիշերների ու կորստի սթրեսի հետեւանքները մնացին ներսում։
2025-ի գարնանը նրա առողջությունը վատացավ։ Բժիշկներն հայտնաբերեցին չարորակ ուռուցք, որն անհետաձգելիորեն հեռացվեց մայիսին։ Սակայն հույսը, որ դրանով ավարտվեց, շատ շուտ խամրեց։ Մետաստազներ են ախտորոշվել, եւ այսօր Լիլիթի վահանաձեւ գեղձը լուրջ վնասված է։ Նրան անհրաժեշտ է շարունակական բուժում ու հատկապես մի դեղամիջոց, որը արժե ավելի քան մեկ միլիոն դրամ։
«Երեւի բնական էր, որ այսպես պիտի լիներ…», — ասում է Լիլիթը խաղաղ, բայց հոգնած ձայնով։ Նրա ներսում պայքարն ապրում է լռությամբ։ Ցասում չկա, միայն ամուր կամք։ Նա կանգնած է հավատով, որ սա եւս հաթահարելու է։
Փախստականը, քույրը, մայրը. Լիլիթը՝ երեք երեխաների հենարանը
Լիլիթը՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից է։ Երբեք չէր մտածում, որ մի օր կդառնա փախստական, հետո՝ եղբայրներին լուսանկարներով որոնող քույր, իսկ հետո՝ քաղցկեղով հիվանդ կին՝ ֆինանսական ծանր դրության մեջ հայտնված։
Այսօր նա ապրում է Արտաշատում, իր զինվորական ամուսնու եւ երեք երեխաների հետ։ Մինչ այս կարողացել են հոգալ վիրահատությունները՝ բայց այժմ ֆինանսական վիճակը սուղ է։ Այն դեղը, որն անհրաժեշտ է Լիլիթին՝ հիվանդության դեմ կռիվը շարունակելու համար, իր արժեքով այս պահին անհասանելի է։
Իսկ նա ունի երեք երեխա, որոնց աչքերի մեջ ամեն առավոտ նայում է՝ առանց իրավունք ունենալու հանձնվել։ Լիլիթը պայքարող է։ Նա իր ցավը կրել է լուռ, իր եղբայրների որոնման պատմությունը՝ անդադար, իր հիվանդության ճանապարհը՝ համբերատար։
Այսօր նա միայն մեկ բանի կարիք ունի՝ մեր օգնության, որպեսզի կարողանա գնել դեղամիջոցն ու շարունակել ապրել։ Իր երեխաների, իր հիշողությունների, իր եղբայրների համար։
Օգնիր Լիլիթին հաղթել քաղցկեղին․
Ամերիա Բանկ – 1570055222530100
Ստացող՝ Լիլիթ Բալայան
Քաղցկեղը չի հարցնում՝ երջանիկ ես, թե դժբախտ։ Բայց մենք կարող ենք որոշել՝ մենակ մնա՞ Լիլիթը, թե՞ ոչ։
Մարիամ Սարգսյան