Ելենա Թումասյանը ծնվել և մեծացել է Բաքվում։ Ինչպես Ադրբեջանի ողջ հայ բնակչությունը, նա նույնպես դարձավ 1988 թվականից հետո տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների զոհը և բռնի տեղահանվեց։
«Թեև շատ փոքր էի, բայց լավ եմ հիշում այս իրադարձությունները։ Ագրեսիվ ադրբեջանցիների բազմությունը հավաքվել էր Լենինի հրապարակում, վանկարկելով «Կեցցե Բաքուն առանց հայերի», “Փա՛ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսներ։ Այնուհետև մինչև ատամները զինված, արյան ծարավով նրանք գնուն էին կոնկրետ հասցեներով՝ հայեր փնտրելու։ Նրանք անխնա էին վարվում բոլոր նրանց հետ, ովքեր իրենց ճանապարհին էին, բռնաբարում ու ողջ-ողջ այրում հայ աղջիկներին, ծաղրում ու ծեծում էին անօգնական ծերերին ու երեխաներին։ Եվ այս ամենը համաշխարհային հանրության աչքի առաջ՝ բացարձակ անպատիժ»։
Բաքվից արտաքսվելուց հետո Ելենան տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ բոլորի հետ միասին վերապրել է պատերազմի ժամանակաշրջանի բոլոր դժվարությունները։ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո նրան թվում էր, թե բոլոր սարսափները հետեւում են։ Ելենան մտավ աշխատանքի և փորձեց շարունակել ապրել առանց հետ նայելու։
Սակայն 2016 թվականին նա ողնաշարի անհաջող վիրահատության է ենթարկվել, որից հետո նրա մոտ ախտորոշվել է Ստրուդելի հիվանդություն։ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, որը նրա երկրորդ տունն է դարձել, երկար բուժում և վերականգնում է անցել։ Այստեղ նա ուներ բազմաթիվ ընկերներ և բուժմանը զուգահեռ հետաքրքիր անցկացնում էր ժամանակը։
Ելենան ակտիվորեն մասնակցել է Կենտրոնի կազմակերպած բոլոր միջոցառումներին։ Հիվանդների և կենտրոնի անձնակազմի հետ նա մասնակցել է էքսկուրսիաների Արցախում և Հայաստանում։ Մեծ երախտագիտությամբ ու ջերմությամբ է հիշում Վերականգնողական կենտրոնում անցկացրած օրերը.
44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ ստիպեց հիշել ծանր անցյալը։ Բայց առանց կորցնելու հավատը լավագույնի հանդեպ, նա կարողացավ վերապրել նաև սա: 44-օրյա պատերազմի ավարտից հետո նա վերադարձավ Արցախ և բոլոր արցախցիների հետ միասին հաղթահարեց հետպատերազմյան շրջանի բոլոր դժվարությունները։ Ապրելով շրջափակման մեջ, առանց լույսի, առանց ջերմության ու սննդի, նա նույնիսկ վատ երազում չէր պատկերացնում, որ ի վերջո ստիպված է լինելու նորից թողնել տարիների ընթացքում ձեռք բերած ողջ ունեցվածքը և լքել հայրենիքը։
Այժմ Ելենան որդու հետ ապրում է Սպիտակում։ Նա գոյատևում է հաշմանդամության թոշակով, որը կրճատվել է տեղահանումից հետո։ Անցած փորձությունները ոչ թե կոտրեցին Ելենային, այլ ընդհակառակը նրան ավելի ուժեղ դարձրին։ Նա չի կորցնում հավատը Հայաստանի կազմում Արցախի ավելի լավ ապագայի նկատմամբ։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: