Արցախցիները իրենց ավտոմեքենաների պետական գրանցման ժամանակ կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք

  • 15:25 14.06.2024

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» նախագիծը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելու համար նախատեսված է  փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջ, ինչը սոցիալական, ինչպես նաև տեխնիկական բարդությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար խնդրահարույց է։

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության ժամանակ՝

1) փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու և

2) հաշվառվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարնիշերը չփոխարինելու մասով։

Վերը նշվածի արդյունքում նախագծով նախատեսված կարգավորումները միաժամանակ կնպաստեն բռնի տեղահանվածների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցմանը։

f