Տրանսպորտը կթանկանա ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ հունվարի 1-ից

  • 14:55 25.06.2024

Ընդամենը ժամկետն է փոխվում, որևէ այլ բովանդակային բան չի փոխվում, սեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման ժամկետի հետաձգման հարցին:

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պայմանագրով հոկտեմբեր ամսին պետք է ավտոբուսների մատակարարում լինի, որից հետո ունենք որոշակի տեխնիկական գործընթացներ՝ վարորդների նշանակումներ համապատասխան գծերում, ավտոբուսների տեխնիկական սպասարկման մասով, գրանցման, մաքսազերծման մասով, և, դրանով պայմանավորված, որոշեցինք, որ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի որոշումը»,- մանրամասնեց Գալջյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից:

f