Մասունքներ Մարտունուց. Ավոյի գրությունը, պալման եւ տունը

  • 11:56 09.07.2024

2022թ․ նոյեբերն էր, երբ Արթուր Դադայանին ծայրահեղ ծանր վիճակում Ստեփանակերտի հիվանդանոցից տեղափոխեցին Երևան։ Սրտի կաթվածից հետո մի կերպ փրկել էին կյանքը, բայց շտապ վիրահատության կարիք ուներ։

Դեկտեմբերին իմացան, որ տուն գալ դեռ չեն կարող։ Ընտանիքը կիսվեց՝ Արթուրն ու Գայանեն Երևանում էին, երեք որդիները՝ Մարտունում։

Ասում է՝ չվերադառնալու մասին միտք անգամ չկար։ Անքուն գիշերները հաջորդեցին իրար մինչև փետրվար։ Կարմիր Խաչի միջոցով հնարավոր եղավ վերամիավորել ընտանիքը։

«Տղաներս կատակով ասում էին՝ գալիս եք ի՞նչ անեք, սնունդը օրեցօր սպառվում է։ Բայց ես տղաներիս էի թողել տանը․․․»,- ասում և հուզվում է խոսակիցս։

Արթուր Դադայանը կանգնած էր արցախյան բանակի ակունքներում, դեռ կանոնավոր բանակ չկար, երբ զինվորագրվեց Արցախյան պատերազմին։ Որդիները ապրիլյան պատերազմից  ի վեր մասնակցել են բոլոր մարտական գործողություններին։

Անուններ է տալիս, ովքեր այսօր գեներալներ են, Պաշտպանության բանակի հրամանատարներ են եղել, պաշտպանության նախարարներ․․․ բայց ամենաշատը, դողացող ձայնով է խոսում մեկի մասին, ում հետ պատիվ է ունեցել ամենօրյա շփման և ում ձեռագիրը մասունքի պես իր հետ բերել է Մարտունուց՝ Մոնթեն, մարտունեցիների սիրելի Ավոն։

Վարձով տան մի անկյունում փրկված իրեր են. իրավաբան որդու՝ Վաչագանի արդարության և օրինականության աստվածուհի Թեմիսի (Ֆեմիդայի) նժարին հենց Ավոյի ձեռագիրն է՝ տարիների պատմություն ունեցող դեղնավուն թուղթը լամինացրել են, որ շատ դիպչելուց չվնասվի։

Թեև սրտի վիրահատությունը ոչ վաղ անցյալում է տարել, բայց Մոնթեի մասին խոսելիս հուզմունքը չի կարողանում զսպել։

«Հարյուրավորները կերազեին գոնե մի անգամ տեսած լինեին Ավոյին, ձեռքը սեղմած լինեին․․․Այս գրությունը, որով թույլ էր տալիս գնայի որդուս հետևից,  սրբորեն պահում էի ծոցագրպանում։ Հետո դարձավ ամենանվիրական փաստաթուղթը, որը միշտ անձնագրիս մեջ էի պահում»- պատմում է Արթուր Դադայանը։

2020թ․ պատերազմի ժամանակ երեք որդիները պատերազմի դաշտում էին։ Որդի ունենալն Արցախում հավասարազոր էր մտովի որդիներին հրաժեշտ տալուն։ Բայց  Արթուրն այն երջանիկներից է,  որ զոհ չունեցավ։ Դադայանների գերդաստանում տղաները շատ են, բայց հավանական պատերազմն ու անհավանական թվացող հայրենազրկումը ոչ մի րոպե կասկածի տակ չդրեց Արցախում ապրելու անսասան որոշումը։

«Միամտաբա՞ր էր, թե՞ ուզում էինք հավատալ, որ մեզ խոստացել էին 5 տարի, հետո բոլորս էինք հավատում, որ այդ տարիները երկարաձգվելու են․․․ Ու ոչ ոք չէր սպասում այս ամենին»,- վերհիշում է նա։

Արցախի վերջին օրերը

Արթուր Դադայանը իմ լավ ընկերոջ՝ Վաչագանի հայրիկն է։ Մարտունու երկհարկանի իրենց տունը միշտ մարդաշատ էր լինում։ Շաբաթ-կիրակի օրերը նրանց տուն այցելելու օրերն էին։ Հաճախ Ստեփանակերտից ուղիղ իրենց տուն էինք գնում։ Տիկին Գայանեի անուշ թխվածքների բույրը զգացվում էր դարպասից այն կողմ։ «Մաշտոցի 14»  հասցեն այն ջերմ կետն էր, որ շատերի սիրելի տունն էր, որովհետև սերն ու համերաշխությունը միշտ գերակշիռ էր։

Փոքրիկ դարպասից այն կողմ մեծ սրտերի, միշտ կարեկից ու հասնող մարդկան օջախն էր։

Բազմանդամ գերդաստանը հավաքվում էր, երբ որևէ առիթ կար տանը։ Երկար ձգվող սեղանը միշտ լեցուն էր, և այն ժամանակվա մտահոգությունը չամուսնացող տղաներն էին․․․

Մեկօրյա պատերազմի ժամանակ դժվար էր հասկանալ, որ հաջորդ քայլը կլիներ Արցախի հայաթափումը։

«Հրաժեշտ տվեցինք, առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, ինչ ենք անում։ Տղաս վերցրեց մեր տան հասցեն։ Այն թաքցրեցի մեքենայի ամենախորքերում, թե իբր ի՞նչ պիտի անեին երկաթի կտորը»,- ինքն իրեն հարցնում է ու շարունակում,- «Ուզում էի մեր տան բակից որևէ բան բերել մեզ հետ և նոր տնկած պալման հանեցի հողից ու վերցրի մեզ հետ»։

Պալմաները՝ արմավենիները, Արցախի Մարտունու խորհրդանիշներից մեկն էին։ Ողջ տարին մշտադալար մնացող ծառերը պտուղ չէին տալիս, բայց քաղաք եկող հյուրերը հաճախ էին նկարվում դրանց կողքին և իրենց պատկերացնում որևէ արևադարձային երկրում։ Պալմաները Մարտունում սկսել են աճել 60 տարի առաջ, երբ խորհրդային ժամանակաշրջանում Մարտունու այն ժամանակվա ղեկավարը որոշեց կանաչապատել ամռանը խիստ շոգից խեղդվող քաղաքը և որոշեց, որ եղևնիներն ու արմավենիները միակ ծառերն են, որ կդիմանան Մարտունու շոգին։

Դադայանների այժմյան վարձով տանը դեկտեմբերից հայտնվեց մի կտավ, որից անսահման կարոտ ու սեր է տարածվում։

«Նոր տարվա գիշերը միջնեկ որդիս մի նվեր բերեց տուն՝  մեր տունը։ Նկարում ամեն մի մանրուք իր տեղում է՝ մեզանից բացի, բայց մենք էլ մեր սրտում ենք կրում Արցախը, Մարտունին, մեր տունը»,- ասում է և էլ չի զսպում հազար անգամ զսպված արցունքները։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ»  մեդիա-ակումբի նախագծի շրջանակներում

f