ԱՄՆ-ն կարող է ապացուցել իր միասնականությունն ու առաջնորդությունը Հայկական հարցում

  • 12:01 15.07.2024

ԱՄՆ-ում տեղի են ունենում կարևոր գործընթացներ՝ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո նախագահ Բայդենը զանգահարել է Թրամփին, ապա ուղերձ հղել ազգին, որտեղ կոչ է արել նվազեցնել քաղաքական գործընթացների ջերմաստիճանը և միավորվել ընդհանուր շահերի շուրջ։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ Բայդենի մասին սկանդալային ելույթ է պատրաստում, սակայն այս դեպքից հետո եւս մտադիր է խոսել կոնսոլիդացիայի մասին։

ԱՄՆ-ում չափազանց անառողջ երևացող գործընթացները կարծես թե կարող են կառուցողական ուղղությամբ շարժվել: Ե՛վ Բայդենին, և՛ Թրամփին անհրաժեշտ են հաղթաթուղթեր՝ այս կառուցողական տարածքում առավելություն ստանալու համար։

Ի՞նչ կարող են նրանք առաջարկել իրենց ընտրողներին, որոնց ճնշող մեծամասնությունն ունի «առաջնային» հայրենիք։ Ներքին գործերը՝ հարկերը, առողջության ապահովագրությունը, անօրինական ներգաղթյալները, իհարկե, կարևոր են, բայց երկուսի համար էլ հաղթաթուղթը կարող է լինել միայն ամերիկյան գլոբալ առաջնորդության տեսլականը:

Բայդենն արդեն հայտարարել է, որ աշխարհակարգը կփոփվի, սակայն չի ներկայացրել, թե ինչ սկզբունքներով է կառուցվելու նոր կարգը՝ բացառությամբ ՄԱԿ-ի բարեփոխման։ Սա չափազանց կարևոր կետ է, բայց ոչ միակը։

Թրամփը, համենայնդեպս, լրատվամիջոցներում չի հայտարարել, որ նոր աշխարհակարգ է կառուցելու, թեև մշտապես քննադատում է ստեղծված կարգը։

Ի՞նչ սկզբունքների հիման վրա է գործադրվելու ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունը, և ի՞նչ տեղ է գրավելու Հայկական հարցը նոր աշխարհակարգ կառուցելու գործում։ Ո՛չ Բայդենը, ո՛չ Թրամփը չեն խոսում այդ մասին, սակայն այն փաստը, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իրար հետեւից Հայաստան են ժամանում բարձրաստիճան ամերիկացի դիվանագետներ, սենատորներ, հուշում է, որ Հայկական հարցն առանցքային տեղ է զբաղեցնում։

Ամերիկացի դիվանագետները հիմնականում խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է պոկվի Ռուսաստանից՝ դա ներկայացնելով որպես շրջադարձային կետ։ Միևնույն ժամանակ, այս հարցում նրանք «գնի հետևից չեն ընկնում»՝ Բաքուն և Անկարան հայտարարվում են տարածաշրջանի առանցքային գործոններ, 2020-2023 թվականներին ագրեսիային, Արցախի օկուպացիային և տեղահանությանը քաղաքական գնահատականներ չեն տրվում։ Դրա հետ միասին ԱՄՆ-ը չի հայտարարում, որ Արցախի հարցը լուծված է, որ սպառվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, որ Վիլսոնի արբիտրաժային վճիռը ուժի մեջ չէ, և հրապարակային կոչ չեն անում Հայաստանին Սահմանադրությունից հանել հղումը Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Սա հիմնարար որոշում է, որն ընդունվել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներում, սակայն խորհրդային օրենքներից վեր է: Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ սա առաջին ինքնիշխան ազգային որոշումն էր, որը հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը։ Ըստ այդմ, այս որոշման չեղարկումը կնշանակի նախկին գաղութների նկատմամբ Ռուսաստանի իրավունքի ճանաչում։

Հիշվում է, ռուս վերլուծաբանները գրում էին, որ 2020 թ․ պատերազմը դադարեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնաց ճանաչել Արցախը։ Ի դեպ, 2020-ի պատերազմը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախընտրական շրջանում, և այն ժամանակվա նախագահ Թրամփն ասաց. «Տեսնենք, թե ինչ կարող են անել հայերը», մինչդեռ նոյեմբերի 3-ին ընտրված Բայդենը 2021 թվականի ապրիլին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ներկայիս վարչակազմը տենդագին փորձում է ընտրություններից առաջ հասնել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, որպեսզի դա օգտագործի որպես հաղթաթուղթ, բայց վերլուծաբաններն արդեն ասում են, որ ապագա աշխարհակարգը որոշելու են այն սկզբունքները, որոնցով կլուծվի Արցախի հարցը։ Այն հիմնված կլինի ուժային լուծումների՞, թե՞ սիներգիայի վրա։ Եվ արդյոք Միացյալ Նահանգները կօգտվե՞ն հնարավորությունից ապացուցելու համաշխարհային առաջնորդությունը  եւ աշխարհակարգ կառուցեն, որը հիմնված չի լինի ուժի իրավունքի վրա:

Նաիրա Հայրումյան