Radar. 29 արցախյան ընտանիք ստացել է բնակապահովման հավաստագիր

  • 23:05 17.07.2024

Հունիսի 14-ին կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Հունիսի 15-ից սկսած՝ շահառուները արդեն կարող էին առցանց դիմումներ ներկայացնել:

Ծրագրի իրականացման կարգը հաստատելուց մեկ ամիս անց Radar Armenia-ն փորձել է մանրամասներ պարզել ծրագրի իրականացման վերաբերյալ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ի պատասխան Radar Armenia-ին ասել են. «ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ ստացվել է 285 դիմում․ 29-ը հաստատվել և ստացել է հավաստագիր, մնացածը մշակման փուլում են (կան մերժված դիմումներ՝ պայմանավորված դիմումատուների՝ ծրագրի պայմաններին անհամապատասխանությամբ)»։

Նշենք, որ հուլիսի 15-ից բացվել է նաև բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը:

Սոցհարցերի նախարարությունից նաև հայտնել են, որ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմել և հավաստագիր են ստացել 3946 ընտանիք, որոնցից 3025-ն արդեն իսկ իրացրել են իրենց հավաստագրերը (հավաստագրի իրացման վերջնաժամկետը՝ 2025թ. հուլիսի 1):

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ից արդեն կկարողանան դիմումներ ներկայացնել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ։

f