Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ արցախցիների կողմից կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպման ակնկալիքով։ Պահանջը՝ ՀՀ կառավարության որոշմամբ Արցախից բռնատեղահանված ընտանիքներին տրամադրվող 40+10 բնակվարձի աջակցության ծրագրում վերականգնելն է, որը մի ստվար զանգվածի համար դադարեցվել է մայիս ամսից։
Շուշի քաղաքի բնակիչ, երեք անգամ տեղահանված Յուրի Ավանեսյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը․
-Մայիս ամսվանից արցախցիների մի մասը զրկվել են բնակվարձերի աջակցության ծրագրից։ Օրախնդիր հարցով դիմել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարբեր տարածքային ստորաբաժանումների։ Պարզաբանել են, որ հավանական է ծրագրի խափանում է, կամ ուշացում։ Սակայն հուլիսի 12-ին բոլորին տեղեկացրել են, որ իրենք հանդիսանում են 2022 թվականի կառավարության որոշմամբ 10 միլիոն դրամի շահառու և այդ իսկ պատճառով զրկված են դրամական աջակցությունից։ Ցուցակը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Հիմնականում այդ ցուցակում ընդգրկված են մի քանի անգամ տեղահանված քաղաքացիներ, որոնց թվում կան նաև զոհվածների ընտանիքներ, տարեց ու համշանդամ մարդիկ։ Մեր դիմումներին տրվել է անհեթեթ պատասխան, և ես լինելով փորձառու իրավաբան, ոչինչ չեմ հասկացել այդ պատասխանից։
Մեզանից ոչ ոք տեղյակ չի եղել այդ որոշման մասին։ Մեր պահանջն է, որ 2023 թվականին Արցախից տեղահանվածները հավասար օգտվեն բնակարանային վարձերի աջակցության ծրագրից։
Հույս ենք հայտնում, որ ՀՀ կառավարությունը շատ արագ կարձագանքի և փոխըմբռնման միջոցով հարցին լուծում կտրվի։
Ակցիայի մասնակիցներին ընդունել է սոցապնախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Կրկին ներկայացվել է ակցիայի մասնակիցների պահանջը։ Նախարարի տեղակալի պատասխանել է, որ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը բնակարանի գնման հավաստագիր ստանալու համար չդիմած քաղաքացիներն կընդգրկվեն Արցախից 2023-ին բռնատեղահանվածների բնակվարձերի աջակցության ծրագրում և օրենքի հետադարձ ուժով կստանան չվճարված ամիսների գումարները։
Կարինե Բախշիյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: