Ժամանակավորապես կորցնելով Արցախի տարածքը՝ մենք կորցնում ենք նաեւ տնտեսական մեծ պոտենցիալ

«Ժամանակավորապես կորցնելով Արցախի տարածքը՝ մենք կորցնում ենք նաեւ տնտեսական մեծ պոտենցիալ։ Դա կարեւոր է, որովհետեւ այսօր պատերազմների մեծ մասը մղվում են տնտեսական շահերի տեսակետից»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Գեղամ Հակոբյանը։

«Քանի որ Արցախը, կարելի է ասել, Սյունիքի շարունակությունն է, դա շատ կարեւոր տնտեսական հանգույց է համարվում՝ Եվրոպան ու Ասիան միացնելու համար։ Հետեւաբար, Արցախի հարցի շարունակությունը պետք է լիներ Սյունիքը, իսկ դա լուրջ տնտեսական խնդիր է։ Նաեւ անմիջապես Հայաստանի տնտեսական պոտենցիալին է դա հարված։ Երկու թիվ ասեմ, որ պատկերացնեք՝ փոքրիկ Արցախում ՀՆԱ-ն 2019 թվականի տվյալներով կազմում էր 718 մլն դոլար։ Դա կիսաշրջափակված եւ ոչ բարենպաստ պայմաններում։ Պատկերացրեք, որ եթե Արցախը լիներ ավելի բարենպաստ պայմաններում, ՀՆԱ-ն մի քանի անգամ կարելի էր մեծացնել, այսինքն՝ մի քանի միլիարդ դոլարի հասցնել։ Իսկ բյուջեն կազմում էր 250 մլն դոլար՝ առանց Հայաստանից տրանսֆերների։ Հետեւաբար, այն պոտենցիալը, որն ունեցել է Արցախը, շատ մեծ հնարավորություն էր տալիս ապագայում շատ հզոր տնտեսական օղակ դառնալու եւ Հայաստանի, եւ տարածաշրջանի համար»,- ասաց տնտեսագետը։

Նա հավելեց, որ Արցախում ժողովրդագրական աճը շատ ավելի բարձր էր, քան Հայաստանում։ Հետեւաբար՝ եւ անվտանգության, եւ ապագա զարգացման տեսակետից լուրջ կորուստ ենք ունեցել, դա պետք է գնահատի նաեւ Հայաստանի կառավարությունը։