Արցախից բռնի տեղահանված ԵՊՀ ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, իսկ ռոտացիայի արդյունքում 20 ուսանող այժմ սովորում է անվճար ուսուցման համակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ ուսման վարձի փոխհատուցման նպատակով կառավարությունը սահմանել էր տարբեր բուհերում տվյալ մասնագիտությունների վարձավճարների միջինացված չափով կրթաթոշակներ։ Անցյալ տարի ԵՊՀ-ում անվճար սովորում էին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 800 ուսանողներ։
Նրա խոսքով՝ ԵՊՀ մեծ թվով մասնագիտությունների դեպքում առկա է եղել գումարի տարբերություն, սակայն ֆինանսական պարտավորությունն ուսանողների ուսերին չթողնելու համար ԵՊՀ-ն իրականացրել է ֆոնդհայթայթում։ Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 99 միլիոն ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ ՀՀ բուհերում սովորող Արցախից բռնի տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է և առանց սահմանաչափի, այսինքն՝ 100 տոկոսով։