«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Երևանին համոզելով ձգձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո, իսկ դե ֆակտո ՆԱՏՕ-ի»,- ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Բորտնիկովի հայտարարությունը ավելի քան անկեղծ է. Մոսկվան ընդունում է, որ Արևմուտքն է, որ թույլ չի տալիս «հայ-ադրբեջանական խաղաղությունը» Պուտինի և Էրդողանի սցենարով։ Միաժամանակ Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի ոչ թե ՄԱԿ-ի, այլ Թուրքիայի զորքերը հայտնվեն Հայաստանում։
Մոսկվան ու Բաքուն չեն թաքցնում իրենց սերտ համագործակցությունը թե՛ Հայաստանի, թե՛ Արեւմուտքի, թե՛ Իրանի դեմ։ Պատահական չէ, որ Թեհրանը համառորեն կոչ է անում Մոսկվային (և ոչ Բաքվին) ռազմական գործողություններ չհրահրել հայ-իրանական սահմանին։
Ռուս-թուրքական նախագիծը, որի շուրջ Հայաստանի ղեկավարության օգնությամբ կոնսենսուս է ձեռք բերվել Արևմուտքի հետ, կարող է ակտիվանալ, եթե տարածաշրջանում Իրանի դիրքերը թուլանան։ Մոսկվան և Բաքուն պատրաստվում են ներխուժել ոչ միայն Հայաստան, այլ նաև Իրան, և այժմ արդեն տեղի է ունենում Իրանի և Հայաստանի կաշվի «կիսումը»։
Մոսկվան Ալիևին նվիրել է Ղարաբաղը և հիմա պահանջում է դրա գինը՝ հայ-իրանական սահմանի բռնակցում։
Ըստ ամենայնի, հենց դա է քննարկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը, որը 2-3 հոկտեմբերի 2024թ. այցելել է Բաքու։ Ալիևի հետ հանդիպմանը բարձրացվել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին հետախուզության փոխգործակցության հարցերը «արևմտյան հետախուզական ծառայությունների թշնամական նկրտումները բացահայտելու համար, որոնք ուղղված են մեր պետությունների ներքաղաքական կայունությանը խաթարելուն»։
«Նշվել է համատեղ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով», – ասել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակում։
Ռուսական РИА Новости գործակալությունը գրում է, որ Նարիշկինը Բաքու կատարած այցի ժամանակ խոսել է ռուս դիվանագետի դեմ ամերիկացիների կողմից սադրանքների կանխման մասին, որն իրականացվել է ռուսական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից։
Նարիշկինը, փաստորեն, Ալիևին խոստացել է թույլ չտալ «ներքին անկայունություն»՝ արտաքին քաղաքական ծառայությունների դիմաց, ենթադրաբար՝ Հայաստանում և Իրանում։ Առավել եւս, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերն են տեղակայված Հայաստանի և Իրանի սահմանին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: