«8.18 Քոնսալթինգի» թիմը ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակներում մեկնարկում է նախագիծ, որը կօգնի արցախցիներին աշխատաշուկայում անհրաժեշտ հմտություններ զարգացնել, աշխատանք գտնել եւ նոր կապեր հաստատել։
Նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ բարձրացնելու իրենց մրցունակությունը Հայաստանի աշխատաշուկայում։
Ո՞ւմ համար է այս ծրագիրը. Արցախից տեղահանվածների, ովքեր փնտրում են աշխատանք և աշխատաշուկայում բախվել են խնդիրների, կարիք ունեն զարգացնելու իրենց հմտությունները մրցունակ լինելու համար։
Ինչպե՞ս մասնակցել ծրագրին. Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ տրամադրելով տեղեկատվություն ձեր մասին։ Պետք է անցնել հղումով և լրացնել մասնակցության հայտը՝ https://forms.gle/sSZeeN6cgVEZymtV6 ։
Դասընթացների արդյունքում բռնի տեղահանված արցախցիները ձեռք կբերեն անհրաժեշտ ոչ մասնագիտական հմտություններ, որոնք կօգնեն նրանց աշխատաշուկայում: Հնարավորություն կստանան հիմք ստեղծել իրենց կարիերայի զարգացման համար եւ ստանալ կարիերայի ուղղորդում:
Ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 8-ին եւ շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 6-ը։
«8.18 Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության ղեկավար Նանա Հովհաննիսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ փորձելու են դասընթացի մասնակիցներին օգնել, որպեսզի աշխատանք գտնեն։ «Հիմա ծրագիրն այնպես ենք կառուցում, նաեւ մարդկանց ընտրությունն այնպես ենք անում, որպեսզի հետագայում աշխատանքի հարցը լուծվի։
Մենք 150 մարդ ենք նախատեսում ծրագրի շահառու դարձնել եւ նախատեսում ենք նրանց բոլորին օգնել աշխատանք գտնել։ Իհարկե, պաշտոնապես այդպիսի խոստում չենք կարող տալ, որովհետեւ ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված»,- ասաց նա։
Նանա Հովհաննիսյանն ասաց, որ մարդկանց փորձելու են աշխատանքի տեղավորել տարբեր ոլորտներում։ Տարիքային շեմ չկա, ցանկացած չափահաս անձ կարող է դիմել՝ ծրագրի շահառու դառնալու համար։
«Պահանջարկը մեծ է, այս պահին մենք արդեն 230 հայտ ունենք, մոտ 150 շահառու պետք է ընտրենք։ Ծրագրի շահառու չեն կարող դառնալ այն անձինք, ովքեր նախկինում նմանօրինակ ծրագրերի մասնակցել են»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: