Դատարանը մերժել է արցախցի Անուշ Ալեքսանյանի բողոքը․ որտե՞ղ է կես միլիարդ դրամը

  • 09:23 09.10.2024

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է Արցախից բռնի տեղահանված Անուշ Ալեքսանյանի դիմումը, որով նա բողոքարկել էր Գեղարքունիքի մարզի դատախազի որոշումը։ Անուշ Ալեքսանյանը դիմել էր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել արցախցիների՝ 2023 թվականի սեպտեմբերի թոշակների ու նպաստների չվճարման դեպքով։ Խոսքը նաեւ 40 հազարական դրամների մասին է, որը հատկացվում էր արցախցիներին, այդ թվում՝ երեխաներին, շրջափակման ժամանակահատվածում։ Սեպտեմբեր ամսվա համար այս գումարները եւս չեն վճարվել։

Անուշ Ալեքսանյանը Արցախի տեղեկատվական շտաբից չստանալով հստակ պատասխան՝ դիմում էր ներկայացրել ՀՀ կառավարություն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Պատասխանը ստացել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ըստ այդմ՝ տեղեկացրել էին, թե երբ են տրամադրելու հոկտեմբեր ամսվա թոշակները, իսկ սեպտեմբեր ամսվա մասին ոչինչ չէին նշել։ Այնուհետեւ Անուշ Ալեքսանյանը դիմել է Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել՝ նշելով, որ կառավարությունից տեղեկատվության չտրամադրումը նույնպես հանցագործություն է։ Գլխավոր դատախազը գործն ուղարկել է Գեղարքունիքի դատախազություն։ Ի վերջո Գեղարքունիքի դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել, եւ Անուշ Ալեքսանյանը դիմել է դատարան՝ բողոքարկելով Գեղարքունիքի դատախազի որոշումը։ Իսկ հոկտեմբերի 8-ին դատարանը կայացրել է վերոնշյալ որոշումը։

«Գեղարքունիքի քննչականում ինձ ասացին՝ մենք ի՞նչ գործ ունենք Արցախի իրավական համակարգի հետ։ Ես էլ ասացի՝ մարդիկ մեքենա են բերել, դատում եք, ասում եք՝ ո՞ւր է այդ մեքենան, բայց փողերը, որ պարտավոր եք մեզ տալ, դուք գործ չունե՞ք դրա հետ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Ալեքսանյանը։

Արցախի տեղեկտավական շտաբը դեռեւս օգոստոս ամսին հայտարարել էր, որ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների եւ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 27-ին: Նշվել էր, որ համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին: Արցախցիներից ոմանք ստացել են գունարները, բայց մի մասը չեն ստացել։

Անուշ Ալեքսանյանն ասաց, որ ինքը չստացողների թվում է։ «Իմ շրջապատում մի քանի հոգի ստացել են, մի երեք օր տվել են, հետո զանգում էինք 114 համարով, ասում էին՝ ոչ մի բան մի ձեռնարկեք, տալու ենք։ Ես կարծում եմ՝ չկա այդ փողը։ Ես դիմում եմ ներկայացրել դատախազություն, քանի որ կարծում եմ՝ պետք է պարզել, թե ինչո՞ւ չեն վճարել մեր գումարնեը։ Ոչ մի տեղեկություն չունենք, դա էլ է հանցագործություն, մեր կենսական շահերն են ոտնահարվում։ Բայց Գեղարքունիքի դատախազի պատասխանում նշվում է, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ չկան»,- նշեց Անուշ Ալեքսանյանը։

Արցախցի Մարատ Եգանյանը step1.am-ի հետ զրույցում նշեց․ «Մենք իրավունք ունենք ծանոթանալու դատարանի որոշման պատճառաբանության հետ։ Այնտեղ երկու-երեք հանցագործության հատկանիշ կա, որովհետեւ տեղեկություններ չտրամադրելը նույնպես հանցագործություն է։ Այդ գումարը կար, բայց չի տրվել համապատասխան անձանց, դա էլ է հանցագործություն»,- ասաց Մարատ Եգանյանը։ Ըստ նրա՝  տարբեր հաշվարկով՝  խոսքը մոտ կես միլիարդ դրամ գումարի մասին է։

Ռոզա Հովհաննիսյան

f