Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների մասին, դրանք անվանել է իրականությունն աղավաղող և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել է ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասածները:
Մենք պետք է նայենք փաստերին: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչը, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:
Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:
Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:
ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:
Խմբ․ Հայաստանի քաղաքական ղեկավարութունն օր ու ցերեկ հայտարարում է, որ նոհեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի կատարվել, հայ փախստականները եւ գերիները չեն վերադարձել, եւ այդ պատճառով ոչ ոք իրավունք չունի պահանջել, որ Հայաստանը կատարի 9-րդ կետը՝ կարճ ասած, հայ-իրանական սահմանը տրամադրի թյուրքական միջանցքի համար՝ ռուսների վերահսկողությամբ, ինչպես դա արել է Բերձորի միջանցքի դեպքում։
Սակայն Հայաստանի դիրքորոշումը խոցելի է առնվազն երեք առումով․ 1․ եթե Եռակողմ հայտարարության կետերը չեն կատարվել, ինչո՞ւ Հայաստանը հետ չի կանչում իր ստորագրությունը․ 2․ Ինչպե՞ս է ստացվել, որ Եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում փախստականների կամ գերիների ազգության մասին․ 3․ Եռակողմ հայտարարության առնվազն 6 կետ կատարված է, այթ թվում՝ Հայաստանի կողմից Աղդամի, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների հանձնումը։ Իսկ քանի որ Հայտարարության մեջ չեն հիշատակվում հայ գերիներն ու փախստականները, դա նշանակում է, որ կատարվել են եւս 2 կետ, քանի որ Ադրբեջանը վերադարձրել է իր գերիներին եւ փախստականներին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: