«Դիզակ ԱՐՏ» կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ից 20-ը կանցկացվի «Արցախի օրեր» մշակութային միջոցառումների մի մեծ շարք, որի ժամանակ կներկայացվեն ավանդական խաղեր, երգ ու պար, վարպետության դասեր, ցուցահանդես ու տոնավաճառ։
Հոկտեմբերի 18-ին Երևանի Կինոյի տանը «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումի ու Արցախի նկարիչների կտավների ցուցադրությամբ տրվեց միջոցառումների մեկնարկը։ Ցուցահանդեսի բացմանը խոսքով հանդես եկավ նկարիչ Աբգար Խաչատրյանը, ով ժամանակին մասնակցել է Հադրութում կազմակերպված «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումին և սրտի թրթիռով է հիշում Հադրութի գույներն ու հատկապես արևը, և նրա կտավները ծնվում էին հենց այդ արևով։ Նա իր խոսքում հորդորեց շարունակել ստեղծագործել արցախյան շնչով ու շարունակել նկարել այն մեծ երազանքը, որը մի օր Արցախ կտանի։ Ցուցահանդեսին հաջորդած համերգին հանդես եկավ Արցախի պետական ջազ նվագախումբը։
Միջոցառումը հոկտեմբերի 19-ին կշարունակվի Մասիսի կենտրոնական այգում։ Ելույթ կունենա «Դիզակ ԱՐՏ» երգի-պարի համույթը, զուգահեռ նախատեսվում է նաև արցախյան ավանդական ուտեստների համտես, ձեռագործ իրերի ցուցադրություն և վաճառք։
Իսկ հոկտեմբերի 20-ին, ժամը 13-ին Մեղրաձորի Կճուճներ կոչվող տարածքում տեղի կունենա «Գուպար» ազգային խաղերի մրցույթը, որով և կավարտվի «Արցախի օրեր» մշակութային եռօրյան։ Միջոցառումը կանցկացվի «Վարք Հայոց» երգ ու պարի խմբի կատարումների ուղեկցությամբ։
Ինչպես նշում է Երազիկ Ավանեսյանը, միջոցառումների նպատակը Արցախի հարուստ մշակութային ժառանգության հանրահռչակմանն ու պահպանմանը նպաստելն է։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: