Արցախցի Վիկտորյան թթուների համի գաղտնիքը տեսնում է սիրո ու հավատի մեջ

  • 19:54 19.10.2024

Վիկտորյա Պետրոսյանը Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է։ Ամուսնանալուց հետո ապրում էր Ստեփանակերտ քաղաքում։ 2023-ին են տեղահանվել Արցախից ու երեք երեխաների հետ հաստատվել Երևան քաղաքում։ Ամուսինը՝ ԱրմենԱղաջանյանը, Արցախում ծառայում էր ուժային կառույցներում, իսկ Վիկտորյան՝ արվեստի բնագավառում։ Այսօր նրանք բոլորովին այլ բնագավառում են։ Զբաղվում են թթուների արտադարանքով և արդեն ունեն իրենց հավատարիմ հաճախորդները։ Վիկտորյայի հրաշագործ ձեռքերում թարմ ու որակյալ մթերքները վեր են ածվում անմահական թթուների։

Վիկտորյան պատմում է․

-Թթուների սիրահար եմ փոքրուց ու միշտ ուշի ուշով հետևում էի մայրիկիս ու տատիկիս, երբ նրանք թթուներ էին դնում՝ մտքումս պահելով բոլոր նրբություններն ու գաղտնիքները։ Ամուսնանալուց հետո սկսեցի ինքս թթուներ դնել, իհարկե սկզբից խորհրդակցելով մայրիկիս հետ։ Տեսա, որ մոտս լավ է ստացվում։ Թե՛ համը, և թե՛ տեսքը չէին զիջում մեծերի պատրաստածներին։ Ամուսինս միշտ կատակում էր, որ կարող ենք լավ բիզնես սկսել։ Երբեք չէի պատկերացնի, որ նրա կատակը մի օր իրականություն կդառնա։ Արցախից տեղահանվելուց հետո մտածում էինք զբաղվել ինչ որ գործով, որովհետև դժվար ժամանակահատված էր բոլորիս համար։ Ամուսինս առաջարկեց թթվի բիզնես սկսել՝ հաշվի առնելով, որ այն լավ է ստացվում իմ մոտ։ Որոշեցինք ու սկսեցինք։ Սկզբից ավանդական մեր թթուները դրեցի ու ֆեյսբուքյան իմ էջում գովազդեցի մեր արտադրանքը։ Ի ուրախություն մեզ՝ մեր թթուները ուշադրության արժանացան հանրության կողմից։ Տեսնելով հետաքրքրվողների ակտիվությունը՝ որոշեցինք հատուկ էջ բացել, որը կգովազդի մեր արտադրանքը։ Ու այդպես ծնվեց <<Թարմ թթվի տեսականի-աղտիրած>> ապրանքանիշով մեր նոր էջը։

Երիտասարդ ամուսիններն իրենց առջև նպատակ են դրել ու գնում են դրա հետևից։ Նրանք, միասին հաղթահարելով բոլոր դժվարությունները, կարողանում են ուժ հավաքել ու իրենց նոր գործին նվիրվել մեծ պատասխանատվությամբ։ Միայն թարմ ու որակյալ բանջարեղենից պատրաստված թթուներ են ներկայացնում հաճախորդներին։ Արտադրանքը իրացնելու գործում նրանց օգնում են ընտանիքի ընկերները։ <<Թարմ թթվի տեսականիաղտիրած>> ապրանքանիշով նրանք արդեն մասնակցել են մի քանի տոնավաճառների։ Մտադիր են հետզհետե ընդլայնել ընտանեկան փոքր բիզնեսը։

Վիկտորյան իր թթուների համի գաղտնիքը տեսնում է սիրո ու հավատի մեջ, առանց որոնց հնարավոր չէ լավ արտադրանք ստանալ և իհարկե, կարևորում է ամուսնու հետ թիկունքթիկունքի իրենց աշխատանքը

-Ցանկացած գործ պետք է սիրով անել։ Ես մեծ նշանակություն եմ տալիս ինչպես համին, այնպես էլ տեսքին։ Թթուները պետք է ախորժելի լինեն ու գրավեն իրենց տեսքով։ Ավանդական թթուներին զուգահեռ պատրաստում եմ նաև մի շարք այլ թթուներ։ Երբ սկսեցինք մեր բիզնեսը, ես համացանցում համապատասխան վիդեոներ նայեցի, որոնք ինձ շատ օգնեցին ավելի հմտանալու։ Ունեմ նաև սեփական մտահղացմամբ թթու, որը իմ հեղինակային թթուն է՝ գունավոր պղպեղներով պատրաստված։ Ճիշտ է, դեռ սկսնակ եմ, բայց ոգևորվում եմ, երբ իմ արտադրանքը գովասանքի է արժանանում և մարդիկ զանգում և ինձանից բաղադրատոմս են հարցնում։

Բոլոր սկսնակ ձեռներեցներին հաջողություն, կամքի ուժ եմ ցանկանում։ Խորհուրդ եմ տալիս երբեք չկոտրվել, միշտ նայել առաջ։ Հավատում եմ՝ բոլորս էլ կկարողանանք ոտքի կանգել․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f