Երազանքները չեն իրականանա, եթե չաշխատեք դրանց վրա։ Այս խոսքերի հեղինակը Անժելիկա Մելքումյանն է, ով ծնվել ու մեծացել է Արցախում։
Վաղ տարիքից Անժելիկան ստեղծագործելու հակում է ունեցել: Հետագայում ընդունվել է Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ։ Ավարտելուց հետո աշխատել է Ասկերանի արվեստի դպրոցում՝ որպես նկարչության ուսուցչուհի։
44-օրյա պատերազմիվժց հետո վերադառնալով հայրենիք՝ Անժելիկան իր համար նոր ուղղություն է հայտնաբերել։ Սկսեց հետաքրքրվել փայտի փորագրությամբ։ «44-օրյա պատերազմից հետո նոր հոբբի գտա. փայտի փորագրությունն օգնեց ինձ ժամանակավորապես կտրվել դաժան իրականությունից: Ես ընկղմվեցի ստեղծագործության աշխարհում՝ մոռանալով մեզ շրջապատող վախերի և սարսափների մասին: Առաջին ապրանքները ականջօղեր էին, որոնք ես պատրաստեցի ինձ համար: Հետագայում ընկերներս, տեսնելով ինձ վրա նմուշներ, հետաքրքրվեցին իմ նոր գործունեությամբ։ Այսպիսով, ես սկսեցի իմ փոքր բիզնեսը՝ պատվերով պատրաստելով տարբեր ապրանքներ՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, բանալու շղթաներ, ժամացույցներ և այլն։
Արցախից բռնագաղթվելուց հետո ընտանիքով հաստատվեցինք Գյումրիում։ Այնտեղ երկար ժամանակ չէի կարողանում վերականգնվել ապրածս սարսափից։ Մի քանի օր բեռնատարի հետնամասում ստիպված էինք հաղթահարել դժոխքի ճանապարհը։ Մեզ ոչինչ չհաջողվեց տանից վերցնել։ Ես կարողացա վերցնել միայն մի քանի նմուշ իմ վերջին աշխատանքից։ Ընտանիքս և ընկերներս օգնեցին ինձ վերադառնալ ստեղծագործական գործունեության։ Նրանց օգնությամբ սկսեցի մասնակցել տարբեր ցուցահանդեսների, որտեղ նկատվում էին իմ աշխատանքները։ Ինձ հնարավորություն տվեցիվ վերսկսել ստեղծագործական գործունեությունը` տրամադրելով տարածքը և աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները։ Այժմ մեր ընտանիքը բնակարան է վարձում Երևանում։ Չնայած կենցաղային սուղ պայմաններին, ես շարունակում եմ զարգացնել իմ բիզնեսը՝ փորձելով հավատալ լավագույնին»,- Step1.am-ին տված հարցազրույցում ասել է Անժելիկան։
Անժելիկայի աշխատանքները հրապարակված են Instagram-ի նրա էջում։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: