Արտակը անձնագրի համար ՀՀ իրավասու մարմիններին դիմել էր մի քանի ամիս առաջ, չնայած, որ աշխատանքի ընդունվելու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադիր է, բայց պետական կառույցներն այն ձգձգում են։ Այս օրինակը փաստում է այն։
Արտակ Գասպարյանն այժմ էլ այլ խնդիրների է բախվել։ Պարզվում է՝ Արցախում թույլ տրված երթևեկության կանոնների խախտման համար Հայաստանում իրավունք չունի մեքենա վարել։
«Ինձ ասում են առանց վարորդական իրավունքի մեքենա եմ վարել, ասում են զրկված ես եղել, բայց ինձ Ստեփանակերտում համաներել են, պարզապես լույս չի եղել, որ այդ թուղթը տպեն, տան ինձ, բայց ես գիտեմ, որ իմ համաներման որոշումը փոխանցել են Հայաստանի ոստիկանությանը։ Ես խոսել եմ մեր Արցախի ոստիկանության ՃՈ-ի պետի հետ ասում է, որ համաներված եմ ու թղթերը այստեղի ոստիկանությունում է։ Ասել եմ՝ մի թուղթ տվեք, որ իրենց ցույց տամ, ասում են՝ սաղ տվել ենք ՀՀ ոստիկանությանը»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գասպարյանը։
Նա նշում է, որ Արցախում վարորդական իրավունքից զրկվելուց հետո ստիպված է եղել ավտոմեքենան վարել, քանի որ զինծառայող է եղել, տագնապով կանչել են զորամաս, չգնալ չէր կարող։ Արտակը զինծառայող է, Արիության մեդալակիր, մասնակցել է 2016, 2020, 2023 թվականների պատերազմներին։
«Տրիվոգով գնացել եմ զորամաս՝ 2022 թվականի փետրվարի 13-ին։ Տագնապ էր, ես էլ Ննգի գյուղում էի ապրում, մեր զորամասն էլ Շուշիի տակն էր, հետ գալուց կանգնեցրել են, ասում են՝ իրավունքդ ուրա, ինչու ես առանց պռավի քշում, ասում եմ՝ տագնապ էր, բա ինչպես գնայի զորամաս, զինվորականի գործն է, հենց տագնապ տան, պետք է գնաս նշված վայր։ Սրա համար գործ են հարուցել, միլիոնները, միլիարդները ջրեցին, թղթերը վառեցին, էս փոքր գործը բերեցին ստեղ։ Սրա համար դատ է գնում, 375 հազար դրամ տուգանք է սահմանվել, պետք է վճարեմ, որ գործը փակվի։ Դատարանի կողմից սահմանված տուգանք է»,-ասում է նա՝ նշելով, որ չունի գումար պետական տուգանքը վճարելու համար։
«Չեմ կարողանում մուծեմ, որտեղի՞ց մուծեմ, տան վարձը չեմ կարողանում վճարել։ Արցախում ասել եմ կտամ, բայց այստեղ չեմ կարողանում տալ, իրենք էլ ասում են՝ չես տալիս մեքենադ բռնագանձում ենք։ Ես էլ ասում եմ մի մեքենա էլ ու տուն էլ Արցախում է մնացել, գնացեք դա բռնագանձեք։ Նոր եմ աշխատանքի անցել, անվտանգության աշխատող եմ, 135 հազար դրամ է աշխատավարձը, իսկ տան վարձը 150 000 դրամ է, տուգանքը ո՞նց վճարեմ»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: