Լիանա Աղաջանյանն Արցախի Ասկերան քաղաքից է տեղահանվել։ Բռնագաղթի դժոխային ճանապարհը հաղթահարելուց հետո նրանց մեծ ընտանիքը հաստատվել է Երևան քաղաքում։ Բոլոր արցախցիների պես իրենց կամքին հակառակ են լքել հայրենի հողը և տանից հեռացել ձեռնունայն։ Կարևորը՝ կարողացել են ողջ ու առողջ դուրս գալ և երեք մանկահասակ երեխաների հետ անցնել թշնամու կողքով։ Սակայն չգիտեին, որ նախախնամությունը բոլորովին այլ ճակատագիր է նախատեսել իրենց համար: Բռնատեղահանումից մի քանի ամիս անց ողբերգական մահով դժբախտ պատահարի զոհ է դարձել Լիանայի ամուսինը՝ Կարենը։ Երեք զավակների հայրը ընտանիքի մինուճար որդին էր։
Լիանան չի կարողանում հարմարվել դաժան իրականության հետ։ Ապրում է մղկտացող սրտով ու փորձում իր մեջ խեղդել անասելի ցավն ու կարոտը։ Հանուն երեխաների նա ցանկանում է ուժ հավաքել և գիտակցում է՝ որքան էլ դժվար լինի, նա պետք է պայքարի։
-Կարենն անցել է ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմների միջով։ Մինչև վերջին օրը նա դիրքերում էր։ Այնքա՜ն փորձություններով է անցել Կարենը, այնքա՜ն դժվար օրեր հաղթահարել ու հանկարծ զոհ դարձել դժբախտ պատահարի։ Ես ցավում եմ բոլոր այն մանուկների համար, որոնք անհայր են մնացել։ Եվ այս դժվար օրերին, երբ ցանկանում ենք մի փոքր ուշքի գալ, մեզ շարունակում են հետապնդել դժբախտ պատահարները։ Արցախցիներիս համար հեշտ չէ հարմարվել նոր միջավայրին և մեծ քաղաքի ակտիվ կյանքին։ Հաճախակի ենք լսում արցախցիների մահվան ելքերով ավտովթարների մասին։ Օրեր առաջ պատահարի զոհ դարձավ նաև հորեղբորս 48-ամյա կինը՝ կրկին տակնուվրա անելով կոտրված մեր սրտերը։
Արցախում աշխատում էի հարկային ծառայությունում։ Այդ ընթացքում կարողացա ձեռք բերել նաև մատնահարդարի մասնագիտություն։ Այստեղ աշխատանքի եմ անցել վարսավիրանոցում և ավելի եմ հմտացել այդ գործում։ Միաժամանակ անցել եմ դիմահարդարման դասընթացներ ու ստացել հավաստագիր։ Իհարկե, դժվարություններ կան, բայց Փառք Աստծո, ամուսնուս ծնողների հետ մեկտեղ կարողանում ենք հոգալ մեր ընտանիքի կարիքները, լուծել երեխաների խնամքի և կեցության հետ կապված հարցերը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: