Հիշողություն դժոխքից. Հայկազովի պահեստի պայթյունի զոհերի հուշ-երեկոն

  • 21:07 16.11.2024

2023 թ. սեպտեմբերի 25-ի երեկոյան Ստեփանակերտի Հայկազովի բենզինի պահեստում տեղի ունեցած ուժգին պայթյունը դարձավ Արցախի պատմության ցավալի էջերից մեկը։  Մարդկային ողբերգություն՝ հարյուրավոր զոհերով, անհետ կորածներով ու վիրավորներով։ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երևանում՝ Երազ այգում, տեղի ունեցավ այդ սարսափելի իրադարձությանը նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպել էին զոհվածների հարազատներն ու բարերարները։

Պայթյունի հետևանքները

Պայթյունի ականատեսները տեղի ունեցածը համեմատում են դժոխքի հետ։ Դեպքի հետևանքով զոհվեց 219 մարդ, անհետ կորավ 22-ը, իսկ վիրավորների թիվը գերազանցեց 290-ը։ Բժշկական հաստատությունները, առանց անհրաժեշտ դեղամիջոցների ու միջոցների, պայքարում էին անհավասար պայքարում՝ կյանքեր փրկելու համար։

Հիշողություն և հարգանքի տուրք

Երեկոյի ընթացքում հնչեցին հուզիչ խոսքեր ու պատմություններ։ Զոհվածների հարազատները վերհիշում էին իրենց սիրելիների մասին՝ կիսվելով անձնական հիշողություններով։ Երեկոյի ընթացքում ջերմ երախտագիտության խոսքեր ուղղվեցին այն հասարակական կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամներին, որոնք իրենց նվիրումով ու ջանքերով կյանքի կոչեցին այս հիշատակի միջոցառումը։

Հուշ-երեկոն միախառնեց ցավը, հիշողությունը և հույսը, որ նման աղետներ այլևս չեն կրկնվի։ Այն վերստին հիշեցրեց մարդկային կյանքի արժեքը և մեր պարտականությունը՝ հարգել անցյալը՝ կառուցելով անվտանգ ապագա։

Տաթև Ազիզյան

f