2025 թվականի ապրիլից ՀՀ կառավարության աջակցության ծրագրերից կարող են օգտվել միայն Արցախից բռնի տեղահանված հատուկ խմբերի անձինք։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօևվա նիստում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ ներկայում գործող 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը կգործի մինչեւ այս տարվա դեկտեմբերը ներառյալ։ «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների տնտեսական ինտեգրման դրական միտումները, մյուս կողմից, բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը, առաջարկում ենք 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանական կնվազեցնենք ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեկանությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախ խմբերին»,- ասաց նա։
Նախարարը հավելկեց, որ ըստ նոր որոշման՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ։ Մինչեւ մարտ ամիսը աջակցության շահառուների շրջանակը գրեթե չի փոփոխվի։ Սակայն 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սոցիալական աջակցության չափը կսահմանվի 40 հազար դրամ, բայց ծրագրից կկարողանան օգտվել միայն առանձին խմբերի անձինք։
Նրանք են՝ մինչեւ 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 եւ ավելի տարիք ունեցող անձինք, կերակրողին կորցրածները, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները։
«Իսկ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակենք նույն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով։ Ովքեր Հայաստանում ունեն անշարժ գույք, կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազար դրամները չեն ստանա, նրանց թիվը 4899 է։ Այսինքն՝ մարտ ամսից հետո մենք ասում ենք, որ 50 հազարի փոխարեն աջակցությունը կդարձնենք 40 հազար, բայց կոնկրետ թիրախային խմբերի համար»,- հավելեց նախարարը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: