Քարից հաց քամող արցախցի մեր կանայք

  • 12:25 25.11.2024

Արցախյան խոհանոցը պահպանելուն էր միտված Երևանի LOFT-ում մեր հայրենակիցների ներկայացված ուտեստներն ու քաղցրավենիքը։ Նախաձեռնությունը “Ասկերանի զարգացման կենտրոն” ՀԿ անդամ Մարինե Գաբրիելյանինն է, որին սիրով միացել են Ալլա Արզումանյանը և Իդա Պողոսյանը։ Միջոցառումը կրկին իր շուրջն է համախմբել մի խումբ արցախցիների, ովքեր, կարոտելով արցախյան շունչը, իրենց ասես Արցախում էին զգում։ Արցախյան անփոխարինելի կուրկուտը, ժենգյալով հացն ու անուշահամ փախլավան իրենց համ ու հոտով անտարբեր չթողեցին այցելուներին։ Առանձնապես հիացած էին հայաստանցի ուսանողներն ու LOFT-ի հայաստանյան հյուրերը։

-Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել։ ՀԿ-ի “Վերածնունդ” ծրագրի ավարտից հետո մեր շահառուները շարունակում են փոքր բիզնեսում քայլեր անել, որ կարողանան օրվա հացը վաստակել։ Միաժամանակ հաճելի է, երբ կարողանում ենք արցախյան կոլորիտ ստեղծել ու մեր շուրջը հավաքել մեր համերկրացիներին։ Որպես ՀԿ ղեկավար՝ մտածում եմ նոր ծրագրերի մասին, որ կարողանամ օգնել ոտքի կանգնելու մեր կանանց, սակայն դրա համար հովանավորներ են պետք,-ասում է Ալլա Արզումանյանը։

Մարինե Գաբրիելյանը, որ արդեն երրորդ անգամն է նախաձեռնում նման միջոցառումներ, ավելացրեց, որ   արցախցի կանայք ուժեղ են, աշխատող, ստեղծող և մի փոքր հնարավորության դեպքում կկարողանան ոտքի կանգնել և իրենց ամուսինների թիկունքը լինել։ Դա ցույց է տվել պատմությունը։ Իսկ այսօր, դա պետք է ավելի քան երբևէ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f