Տարբերակը՝ մեռած ձեւանալ, ինչպես անում են փաշինյանենք, չի աշխատելու․ Մամիջանյան

  • 14:02 06.12.2024

Հայաստանից գնացած ադրբեջանցիների եւ Ադրբեջանից բռնի տեղահանված հայ փախստականների հարցը չպետք է նույն հարթության վրա դնել։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով Ադրբեջանում տեղի ուենցած այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» անցկացրած համաժողովում հնչած հայտարարություններին։

«Հիշենք կամ ծանոթանանք առկա նյութերից, թե ինչպես է իրականացվել Խորհդրային միության տարիներին Հայաստանում բնակվող ադրբեջանցների հեռացումը խորհրդային Հայաստանից։ Կան փաստաթղթեր, երբ իրենց փոխհատուցումներ են տվել, կան փաստաթղթեր, երբ իրենց տրամադրվել է տրանսպորտ, անվտանգություն, իրենք իրենց գույքը հետները տարել են։ Համեմատե՞նք, թե խորհդրային Ադրբեջանում ինչպես են իրականացվել հրահրված բախումները եւ մնացախ գործողությունները, որեւէ զուգահեռ չկա»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը հավելեց, որ այստեղ կա մի շատ կարեւոր խորքային խնդիր․ «2020 թվականի աղետալի պատերազմից հետո անդադար մենք խոսում էինք այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականության եւ Փաշինյանի թիմի ապիկարության ու անգործության հետեւանքով մի տեսակ հավասարության նշան դրվեց համաշխարհային հանրության համար Լաչինի միջանցքի եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջեւ, որն էլի անընդունելի էր՝ եւ միջազգային իրավուքնի, եւ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, որովհետեւ դրանք բացարձակ նույն բաները չէին։ Բայց դա արվեց, որը բերեց այն հետեւանքներին, որոնք ունենք այսօր։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մասնակցում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» ինչ-որ միջոցառման ու այնտեղից էլի ինչ-որ պայմաններ հնչեցնում Հայաստանին։ Հայաստանից հակադարձում չկա։ Տարբերակը՝ մեռած ձեւանալ, ինչպես անում են փաշինյանենք, չի աշխատելու, մեռած ձեւանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում։ Դու պիտի հստակ քո կարմիր գծերն ու պահանջները նշես»։