2023 –ի պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, “Արցախ կարպետ” ընկերության՝ Ստեփանակերտի և Ճարտարի արտադրամասերը դադարեցրին իրենց գործունեությունը, ինչի արդյունքում հարյուրավոր աշխատողներ զրկվեցին աշխատանքից և տեղահանվեցին Հայաստան։
Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2013-ի ամռանը։ Արցախում արտադրություն հիմնելու գլխավոր նպատակը գորգագործությունը՝ որպես հայկական մշակույթի անբաժան մաս, պահպանելը, հանրությանը ներկայացնելն ու ապագա սերունդներին փոխանցելն է։ Նախքան 44-օրյա պատերազմը՝ ընկերությունն ուներ շուրջ 150 աշխատակից։ Արտադրամասեր էին գործում Ստեփանակերտում, Շուշիում, Ճարտարում, Հադրութում և Բերձորում: Թշնամու վերահսկողության տակ անցած արտադրամասերում են մնացել հայկական մշակութային ժառանգության խորհրդանիշ համարվող բացառիկ գորգեր։
Այսօր “Արցախ կարպետ” ընկերությունում աշխատում է ընդամենը 5 գորգագործ։ Ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է Երևան քաղաքի Տաշիր առևտրի կենտրոնում։
-2020-ի պատերազմից հետո 60 աշխատողներով շարունակեցինք մեր գործունեությունը Ստեփանակերտի և Ճարտարի մեր արտադրամասերում։
2017-ին ընկերությունը Երևան քաղաքում խանութ էր բացել, և ամեն ամիս մենք գորգեր էինք ուղարկում, որոնք նախատեսվում էին խանութի համար։ Հենց այդ գորգերն են փրկվել, որոնք այսօր առկա են մեր խանութում։ 2023-ի Արցախի տեղահանումից հետո խանութում տեղ ենք հատկացրել գորգագործության համար, տեղադրել 5 հաստոց։ Մեր գորգագործներն արցախցիներ են․ 3 հոգի՝ Ստեփանակերտի մասնաճյուղից, 2-ը՝ Շուշիից։ Ունենք նաև մեկ տնայնագործ, նախատեսում ենք 2 տնայնագործ ևս ավելացնել եկող տարուց։ Գորգագործության հետ մեկտեղ հայկական գորգանախշերով և արցախյան խորհրդանիշներով արտադրում ենք հագուստ, շարֆեր, սեղանի սփռոցներ, ծածկոցներ, պայուսակներ, տարբեր աքսեսուարներ, գուլպաներ, խաղալիքներ։ Բոլորը ձեռագործ աշխատանքներ են, որոնք վաճառվում են ինչպես խանութում, այնպես էլ ՝ օնլայն հարթակում։ 2023-ից հետո ընկերությունը վեր է ածվել ձեռագործ արվեստների և արհեստների ընկերության։
Բռնատեղահանումից հետո սկսել ենք “Ձեռագործված է Հայաստանում” նախաձեռնությունը, որի նպատակն էր Արցախից տեղահանված, ձեռագործության մեջ հմտացված կանանց համար ստեղծել հարթակ, որպեսզի նրանք կարողանան զբաղվել ձեռքի աշխատանքներով։ Ծրագիրը միտված է լուծելու և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիրները։ Արցախցի շնորհաշատ կանանց ձեռքերով մանկական հագուստից սկսած պատրաստվել են տարբեր տեսակի ձեռագործ իրեր՝ այն ամենը, ինչ հնարավոր է պատրաստել թելով։
Սկզբից նախաձեռնությանը միացել է շուրջ 100 արցախցի կին։ Տրամադրվել են հումք և դիզայն, ապա նրանք ներկայացրել են պատրաստի արտադրանքն ու աշխատանքի դիմաց ստացել համապատասխան գումարը։ Նախաձեռնությունը շարունակվում է, այս պահին մեզ հետ համագործակցում են մոտ 30 կանայք,-ասում է ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։
“Արցախ կարպետ“–ի խանութ–սրահներում կարելի է գտնել հայկական գորգարվեստին առնչվող ամեն ինչ, ձեռագործ իրեր, հագուստ, աքսեսուարներ, հուշանվերներ: 2024-ին “Արցախ Կարպետ“ ընկերությունը և “Fakejian Jewelry“–ն՝ ոգեշնչված արցախյան հարուստ գորգարվեստով, ստեղծել են արցախյան զարդերի անկրկնելի հավաքածու՝ ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց համար։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրանքը՝ սպառողներին ներկայանալով նոր գաղափարներով։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ