«ՓոդՔաթ»՝ պահպանելով արցախյան բարբառը․ «Գիդացե, թա տոն ում քեցալ»

  • 12:23 12.12.2024

«Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպված՝  լրագրողները հանուն մարդու իրավունքների մրցանակաբաշխությանը «Փոդքաթ» նախագիծը լավագույն փոդքասթ անվանակարգում արժանանացավ 3-րդ մրցանակի։

Սա մեր առաջին հաղթանակն է լրագրողական  մրցույթներում։

Մի տարի առաջ, երբ տեղահանությունից հետո եկանք Հայաստանի Հանրապետություն եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված վերականգնողական ճամբարի ժամանակ որոշեցինք ստեղծել նախագիծ, չէինք պատկերացնում, որ այն այսքան սիրված կդառնա եւ մի տարի հետո նույնիսկ կարժանանա մրցանակի։

Փոդքաթը իմ եւ ընկերուհուս՝ Տաթեւիկ Խաչատրյանի համատեղ նախագիծն է, որի նպատակը նախ բարբառի պահպանությունն էր եւ շրջափակում, տեղահանություն անցած մարդկանց պատմությունների վավերագրումը։

Սոցիալական հարթակներում ստեղծելով էջեր՝ ուրախանում էինք ամեն 100 հետեւորդով ու ավելացող դիտումներով, այսօր համադրելով սոցկայքերի մեր հետեւորդների թիվը, կարող ենք ասել, որ ունենք 25 հազարին մոտ հետեւորդ։ Սա այն դեպքում, երբ քաջ գիտակցում ենք, որ բարբառային կոնտենտի առանձնահատկությունը շատ հաճախ հենց այդ նույն կոնտենտի առաջխաղացման խնդիրն է դառնում։

Մեզ շատ են առաջարկել, հորդորել փոխել ծրագրի «լեզուն» եւ բարբառից անցնել գրական հայերենի։ Բոլոր այս առաջարկներին պատասխանել ենք այսպես՝ մեր նպատակը հենց բարբառի պահպանությունն է։  Կորցնելով Արցախը՝ մեր բարբառի կենսունակ լինելու եւ ազատորեն խոսելու միակ միջավայրը, մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ կարող ենք թվայնացնել բարբառը, ստեղծել «առցանց Արցախ»։

Շատ հաճախ մեր դիտողների կողմից հենց այս կոչմանն ենք արժանանում՝

 «Գիդացե, թա տոն ում քեցալ» եւ սա լավագույն կոմպլիմենտն է։

Մի տարվա ընթացքում նախնական նպատակից զատ հասկացանք, որ նախագիծը դարձել է այն հարթակը, որտեղ հնչում  է տեղահանված մեր հայրենակիցների սրտի խոսքը, որտեղ  մարդիկ իրենց մենակ չեն զգում՝ անասելի դժվարութնուններով լի կյանքի այս շրջափուլում։ Նախագծի ընթացքում ունեցել ենք հյուրեր, ովքեր խոսում են  հայաստանյան այլ բարբառներով եւ երկու բարբառների համադրությունն այնքան բնական է հնչում՝ ստիպված չես բացատրել, ինչ ես ասում։

Օրերս «Փոդքաթ»-ը դարձավ մեկ տարեկան եւ միամյակին նվիրված միջոցառում կազմակերպեցինք, որը երախտիքի միջոցառում էր ։

Այդ օրը մեզ հետ էն բոլոր նրանք, ովքեր մեզ հետ անցել են մի տարվա այս ճանապարհը, ովքեր խրախուսում են մեր գործունեությունն ու աջակցում մեզ ֆինանսապես եւ մի հրաշալի նախագծի հաղթողներ, որը կոչվում էր “Նամակ Արցախին”։

Երբ Ֆեյսբուքյան մեր էջում հայտարարում էինք մրցույթը՝ չէինք պատկերացնում, որ այդքան շատ նամակներ կստանանք, գիտեինք, որ բոլորը  մտովի նամակներ են գրում մեր փոքրիկ, անհաս դարձած երկրամասին, բայց, որ շատերը կհանրայնացնեին իրենց սրտի խոսքը՝ չէինք պատկերացնում։

Միջոցառումն անվանել էինք հանրային քաթ, որի կարեւոր կետերից մեկն էլ արցախյան բրենդներին ներկայացնելն էր։

Արցախյան մի շարք արտադրողներ, որոնք տեղահանությունից հետո չնահանջելով, նոր թափով են իրենց գործունեությունը շարունակում այստեղ՝ օգնել են մեզ նվերների հարցում, այդպես դառնալով մեր միջոցառման մի կարեւոր մասը։

Առաջին տարվա զգացողությունները կիսով չափ հաղթահարած անցնում են նոր փուլի՝ նոր ծրագրերով ու գաղափարներով՝ նպատակ ունենալով պահպանել բարբառն ու լսել այն տարիներ շարունակ։

Մարիամ Սարգսյան