Էրդողանն ու Ալիևը ձևացնում են, թե «մարսել» են Արցախը

Ստամբուլի տեխնիկական համալսարանը ակադեմիական ամբիոններ կբացի Ղարաբաղի համալսարանում։
Էրդողանը ստորագրել է համապատասխան որոշում, հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները՝ հրապարակելով օկուպացիոն ուժերի կողմից բռնագրավված Արցախի համալսարանի լուսանկարը։

Ուսանողները ամենաանշառ միջոցն են ցույց տալու, որ օկուպացված Արցախում կյանքը «շարունակվում է» առանց հայերի, որ Ալիևին հաջողվել է լիովին «ուտել և մարսել» Ղարաբաղը։ Ուսանողներին պահելն ավելի հեշտ է, քան նախկին բնակիչների «վերադարձը»։ Ուսանողներին կարելի է տեղավորվել հայերի տներում՝ առանց գույքի իրավական կարգավիճակը փոխելու։ Ուսանողներին աշխատանք կամ արտադրական հաստատություններ պետք չեն. բավական են մի քանի սուպերմարկետներ և սրճարաններ, և կարելի է ասել, որ Արցախում կյանքը լիարժեք ընթացքի մեջ է։

Սակայն, ըստ երևույթին, ամեն ինչ այդքան հարթ չէ ընթանում, քանզի Էրդողանը որոշել է Ստամբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղ բացել Արցախում։