«Մենք տեսնում ենք, որ այսօր նորից կա ցեղասպանության ռիսկ Հայաստանի դեմ։ Ես տեսել եմ ուժերը հարավում, մեկ այլ հատվածում։ Ադրբեջանը միջազգային դատարաններում ասում է, որ Հայաստանը գոյություն չունի, դա «Արեւմտյան Ադրբեջան» է։ Այսինքն՝ այս մարդկանց որոշումն արդեն պառլամենտական մակարդակով է կայացվել»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այսօր ասաց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Նա նշեց, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, որը շատ կարեւոր է, Հայաստանը կարող է դիմել Միջազգային քրեական դատարան։ «Ալիեւը գիտի, որ Նեթանյահուից հետո ինքը լինելու է հաջորդը։ Սա ամենը չէ, բայց սա կարեւոր է, որովհետեւ միջազգային իրավունքը կարող է լինել պաշտպանություն։ ԼՂ ժողովրդին սովի մատնելու փաստը ցեղասպանություն է, եւ կանխարգելման առումով միշտ պետք է հույսը դնել ապացուցողականության վրա։ Պատժի առումով գոյություն ունի Միջազգային քրեական դատարան, որը կարող է լուծել այս խնդիրները։ Այստեղ ընդամենը պետք է իրականացնել այս հանցագործությունների վերլուծություն»,- ասաց նա։
Օկամպոն հավելեց, որ պետք է հստակ աշխատել հերթական ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ․ «Կա նոր ցեղասպանության ռիսկ, մենք պետք է քննարկենք, թե ինչ կարող ենք անել։ Պետք է հավաքել ամբողջ աշխարհի օրենքները եւ ցույց տալ, թե ինչպես դրանք կարող են ծառայել ցեղասպանությունների հետաձգմանն ու կանխարգելմանը»։