Արցախցի բուժքույր է ձերբակալվել․ դատարանը մերժեց կալանավորումը /լրացված/

  • 20:17 15.12.2024
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ 
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է Զվարթնոց օդանավակայանում։
Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ արցախցին մասնակցել է 2023 թվականին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։
3 ժամից ավել վերջինս գտնվել է անազատության մեջ, իսկ այժմ էլ նրան տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։
Լրացում։ Մեղադրյալը Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։
Հենց նոր Ռոման Երիցյանը գրեց․ 

«Քիչ առաջ հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբեր ասմին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով, այսօր Զվարթնոց օդանվակայում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած Զարինե Աղաբաբյանը։

Այժմ պարզաբանում եմ, որ վերոգրյալ փաստերին հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակներում Զ․Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը բանականաբար վերջինս չի ընդունել։

Զարինեին կալակավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ հիմքերի բացակայության հիմքով, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Զարինեն 2023 թվականի հոկտեմբեր ամսից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ միասին բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով, առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից»։