Դեկտեմբերի 23-ին Երևանի կամերային երաժշտության տանը կկայանա վերածնված «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգը։
Նվագախումբը ստեղծել է համանուն հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։ Նվագախմբի նոր գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն էր, ով փոխարինեց տարիքի պատճառով հրաժարական տված Գեւորգ Մուրադյանին։
«Այս 14 հոգանոց թիմին վաղուց եմ ճանաչում։ Երբ նրանք հայտնվեցին Հայաստանում, ես մտածեցի, որ պետք է նորից համախմբվեն և իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունը վերադարձվի։ Հիմա մեծ ուրախությամբ սպասում ենք նրանց առաջին համերգին»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում ասաց Պապյանը։
Նարեկ Հախնազարյանն իր հերթին նշեց, որ հոկտեմբերին տեղի են ունեցել լսումներ, որոնց մասնակցել են 40-ից ավելի երաժիշտներ։ Արդյունքում նվագախմբի կազմը փոքր-ինչ ընդլայնվել է և նկատելիորեն երիտասարդացել։
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ պատրաստվում ենք համերգին, սա շատ հետաքրքիր և հավակնոտ ծրագիր է երիտասարդների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ խումբը կկատարի Մոցարտի «Ռ-մաժոր» դիվերտիմենտը, Չայկովսկու լարային սերենադը, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործությունները։
Հետագայում երգացանկը մշակելիս հատուկ ուշադրություն է դարձվելու հայկական երաժշտության և Արցախի հանրահռչակմանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: