Բաքուն մինչեւ հունվարի ավարտը իր բանտերում պահվող բոլոր անձանց մասին տեղեկատվություն պետք է տրամադրի ՄԻԵԴ

  • 16:17 10.01.2025

«Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանին ժամկետ է տրվել՝ մինչեւ հունվարի ավարտը Բաքվի բանտերում պահվող բոլոր անձանց մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու մասին»,- այսօր լրագրողներին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Մենք դատարանին կրկին հիշեցրել ենք այդ մասին եւ ակնկալում ենք բոլորի մասով մանրամասն տեղեկատվություն՝ իրենց վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի եւ այլնի մասին։ Բնականաբար, այս տեղեկատվությունը, երբ ստանում ենք, փոխանցում ենք նաեւ պահվող անձանց հարազատներին»,- ասաց նա։

Նշենք, որ Բաքվից հայտարարել են, որ առաջիկայում կմեկնարկեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ շինծու դատավարությունները։ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ բացի ՄԻԵԴ-ից, այս հարցով նաեւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված դիմումում են ներկայացվել պահանջներ։

«Եթե դատավարություններն սկսվում են, բնականաբար, ավելի ուշադրությամբ հետեւում ենք, բայց այդ մասով ունենք առանձին դատական գործ։ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված թիվ երկրորդ գանգատը հենց վերաբերում է այնտեղ պահվող անձանց նկատմամբ ապօրինի դատական պրոցեսներին եւ ազատությունից ապօրինի զրկելու հարցին»,- հավելեց Կիրակոսյանը։

f