Տիկին Ջուլիետտայի տունը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի մոտ էր` Ալեք Մանուկյան փողոցում: 2020-ի պատերազմի օրերին Ջուլիետտա տատիկը օրը մի քանի անգամ հոսպիտալ էր գնում, արդեն բոլորը գրեթե ճանաչում էին նրան:
«Ասում էին, Ջուլիա տատի, էլի եկե՞լ եք: Դե ես էլ չէի կարող չգնալ, թեկուզ հատուկ ցուցակներ չկար, բայց ես գնում էի, որպեսզի տեսնեմ, թե ովքեր են վիրավոր: Այդ ժամանակ թոռս ևս պատերազմում էր: Հարցնում էի, հնարավո՞ր է «Եղնիկներից» վիրավորներ կան, որպեսզի գոնե հարցնեմ, ուր է թոռս: Չնայած այնտեղ ինձ շատ էին նկատողություն անում, բայց բոլորը սիրում էին, գիտեին, թե ինչի համար էի այնտեղ գնում»:
Թոռանը` Հայկի հետ հարզատները վերջին անգամ խոսել էին սեպտեմբերի 26-ին, հաջորդ օրը` սեպտեմբերի 27-ին պատերազմ էր: Մինչ այդ քովիդի պատճառով վերջին անգամ տեսել էին պատերազմից գրեթե 1 տարի առաջ: Ծառայում էր հայտնի «Եղնիկներում»:
«Մի օր վերդառնում եմ հոսպիտալից, հարևանս եկավ, թե Մհերը տուն է եկել, հարցրեցի՝ որտեղի՞ց, ասեց՝ «Եղնիկներից»: Հայկի նկարը ցույց տվեցի, պարզվեց, որ տեսել է` զենք էր թափում: Մի փոքր հանգստացանք, գոնե գիտեինք, որ ողջ է»:
Այդ օրերին մարդիկ տարբեր կերպ փորձում էին տեղեկություն ստանալ, փորձում էին մի քանի վարկյանում ասել այն ամենը, ինչը գուցե տարիներով փորձում էին ասել իրենց հարազատներին: Ջուլիետտա տատիկը նկուղից գրիչ և թղթի կտոր էր գտել, որի վրա մի քանի բառից բաղկացած նամակ էր գրել:
«Ասեցի՝ Մհեր, որ մի նամակ գրեմ, կկարողանաս հասցնել, ասեց հա․ շատ ուրախացա: Ապաստարանի առաջ մեր նիվան էր կանգնած, թուղթ ու գրիչ վերցրեցի ու հենց մեքենայի վրա մի քանի տող նամակ գրեցի, վերջում էլ ավելացրեցի «բաբո», որ իմանա, որ իր տատիկն է գրել»:
Տիկին Ջուլիետտան հիշում է և երևի երբեք չի մոռանա աղջկա լացը, և երբ նույնիսկ ասում էին, որ որդուն տեսել էր՝ չէր հավատում: Մտածում էր, որ ասում են ուղղակի հանգստացնելու համար:
«Աղջկաս լացն եմ հիշում Ստեփանակերտի երիտասարդական պալատի դիմաց: Թոռիցս նորություն չկար»:
Մինչ հոկտեմբերի վերջ տիկին Ջուլիետտան իրեն հատուկ համառությամբ շարունակում էր գնալ զինվորական հոսպիտալ:
«Մի օր էլ էլի հոսպիտալում էի, մի երիտասարդ թևը արյունոտ կանգնած էր, ասեցի արի գնանք մեր տուն, գոնե կլվացվես, հաց կուտես, ասեց չէ՝ եղբայրս պատերազմում է: Պարզվեց, որ եղբայրը նույնպես «Եղնիկներում» է, տնից ուտելիք հավաքեցի, ասեցի, որ չես գալիս, գոնե տարեք կերեք»:
Այդ ընթացքում Ջուլիա տատին իր ամուսնու` Սերգեյի հետ փոքր թոռներին տարել էին մինչև Հակարիի կամուրջը ու նորից վերադարձել Ստեփանակերտ` երբ երիտասարդները կռվում են, մեծերը գոնե պետք է թիկունքում լինեն:
«Աղջկաս մյուս երեխան Հայաստանում էր, իսկ աղջիկս չէր ուզում դուրս գալ Ստեփանակերտից, ասում էր, որ վախենում է՝ հենց դուրս գա Արցախից, իր երեխայի հետ հնարավոր է վատ բան լինի: Համոզեցինք երկու օրով տարանք Հայաստան, որպեսզի մյուս երեխային տեսնի»:
Տիկին Ջուլիետտայի ընտանիքի կանայք Արցախից դուրս էին եկել հոկտեմբերի վերջին, իսկ տղամարդիկ պատերազմում էին:
«Տղաաս համոզեց, որ դուրս գանք` ասում էին, որ այդպես գոնե մի ուղղությամբ կմտածեն: Հայկի հայրը` փեսաս ասեց, որ ինչ էլ լինի, առանց որդուն Արցախից դուրս չի գալու»:
Նոյեմբերի 14-ին Ջուլիա տատիկի թոռը զանգեց` ծնողների ամուսնության 23 ամյակին: Սկիզբից չէին հավատում, նույնիսկ ձայնը նրա ձայնի նման չէր: Մեկ ամիս անց Հայկը վերադարձել էր տուն, ծոցագրպանում՝ սրտի մոտ պահելով տատիկի գրված նամակը:
Նյութը ավարտենք մի փոքր հատվածով Հայկի կողմից․
«Պատերազմի թեժ օրերն էին, նամակ բերեցին, բացեցի՝ կարդում, կարդում եմ և արդեն հասել էի վերջին տողին, մտքումս ասելով՝ «ջան, երևի ինչ-որ աղջիկ է գրել»։ Դե վերջում, ինչպես երևի գուշակեցիք, տեսա գրված «Բաբո»։ Ի դեպ, այդ ժամանակ մեր տնեցիներից ոչ մեկ չգիտեր այդ նամակի մասին, մինչև ես ծոցագրպանից չհանեցի պատերազմից մաշված նամակը»։
Ալվարդ Գրիգորյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: