«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է հատուկ կարիքներով մարդկանց աջակցելու, մասնավորապես նրանց իրավունքների պաշտպանության, հասարակության մեջ ինտեգրվելու և զբաղվածության առումով:
««Ունիսոնը» բարեգործական կազմակերպություն չէ, սակայն 2023 թվականի սեպտեմբերին, հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները և բռնի տեղահանության հետևանքները, մենք չկարողացանք անտարբեր մնալ և որոշեցինք աջակցել արցախցի մեր հայրենակիցներին։ Այս նպատակին հասնելու համար կազմակերպվել է դրամահավաք, որի արդյունքում հավաքվել է շուրջ 1 մլն 400 հազար դրամ։
Ստեղծվել է շտաբ՝ հաշվառելու մեր հայրենակիցների սոցիալական կարիքները։ Այնուհետև հավաքագրված գումարն օգտագործվել է առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար, այդ թվում՝ հիգիենայի ապրանքներ, անկողնային սպիտակեղեն, հագուստ, դեղամիջոցներ և այլն։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի բնակչության առավել խոցելի խմբերին, քանի որ նրանցից շատերը չեն կարողացել անգամ սայլակները բերել։ Այս առումով նրանց տրամադրել ենք նաեւ անվասայլակներ եւ այլն։
Նրանց, ովքեր ապրում էին Հայաստանի հեռավոր վայրերում և չէին կարողանում հասնել Երևան, դրամական օգնություն էր ցուցաբերվում։
Կազմակերպվել է նաև ընտանիքի հոգեբանության սեմինար՝ հատուկ կարիքներով արցախցիների և նրանց ընտանիքի անդամների մասնակցությամբ։
Այսպիսով, ընդհանուր առմամբ աջակցություն ենք ցուցաբերել արցախցի 400 ընտանիքի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց։
Հիմա, ցավոք, չենք կարողանում շարունակել աջակցության գործընթացը՝ համապատասխան միջոցների բացակայության պատճառով»,- ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը։
Արսեն Աղաջանյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: