Տուն-տեղ. աջակցություն արցախյան հասարակության խոցելի խմբերին նաև Հայաստանում

  • 21:59 21.01.2025

«Տուն-տեղ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2023 թվականի հունվարին։ Հիմնադրման օրվանից կազմակերպությունը սոցիալական և հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը։

«Կազմակերպության աշխատակիցների թիմն Արցախում աշխատում է 2021 թվականից։ Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանի իրողությունները՝ մեր գործունեությունն ի սկզբանե ուղղված է եղել Արցախի բնակչության առավել խոցելի խմբերին աջակցելուն։ Մասնավորապես, խոսքը Հադրութից և Շուշիից փախստականների մասին է, զոհվածների ընտանիքների, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլն։ Նրանց տրամադրեցինք հագուստ, սարքավորումներ և այլ անհրաժեշտ իրեր։ Ավելի ուշ՝ 2023 թվականի հունվարին, որոշեցինք բացել «Տուն-տեղ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը։

Հիմնական նպատակը՝ հատկապես Արցախի մարզերի և հեռավոր գյուղերի երեխաներին և դեռահասներին անվճար հոգեբանական աջակցություն ցուցաբերելն էր։ Մասնավորապես, մեր մասնագետներն այցելել են գյուղական դպրոցներ և տեղում աշխատանքներ իրականացրել։ Ընդ որում, ներգրավված էին ոչ միայն երեխաները, այլև ծնողները։

Բոլոր մասնակիցները զգացին դրական արդյունքներ, ինչը ազդեց մեր ծառայությունների հանրաճանաչության վրա նույնիսկ Արցախի ամենահեռավոր վայրերում: Անգամ շրջափակման դաժան ժամանակահատվածում մի քանի անգամ կազմակերպվել են հոգեբանական ճամբարներ՝ երեխաների և դեռահասների մասնակցությամբ։

Այսպիսով, մենք շարունակեցինք մեր գործունեությունը Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ Բռնի տեղահանությունից որոշ ժամանակ անց՝ նույն թվականի հոկտեմբերին, տարբեր միջազգային հիմնադրամների աջակցությամբ վերսկսեցինք կազմակերպության աշխատանքը։ Մենք մոնիտորինգ ենք անցկացրել և այս փուլում մեր գործունեությունը կենտրոնացրել ենք Երևանում և Կոտայքի մարզում։

Կազմակերպության թիմում ընդգրկված են հոգեբաններ և սոցիալական աշխատողներ։ Մասնագետներն այցելում են դպրոցներ և աշխատում երեխաների հետ։ Սոցիալական աշխատողները նույնպես աշխատում են ընտանիքների հետ՝ գնահատելու նրանց սոցիալական կարիքները: Նրանք խորհրդատվություն են տրամադրում և օգնում գրանցվել սոցիալական տարբեր ծրագրերում։

Բացի այդ, երեխաների հանգստի կազմակերպման համար անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ ճամբարներ, հանդիպումներ, քննարկումներ հայտնի մարդկանց մասնակցությամբ և այլն։ Մեր միջոցառումներին մասնակցում են նաև Հայաստանի հայրենակիցներ, որոնք նպաստում են արցախցի երեխաների ինտեգրմանը նոր հասարակությանը»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց «Տուն-տեղ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Հովհաննիսյանը։

Արսեն Աղաջանյան

f