Արցախի թեմի ողջ գործունեությունը ուղղված է արցախահայության միասնությունն ու տոկունությունը պահպանելուն

  • 11:11 29.01.2025

Բռնի տեղահանության դաժանագին պայմաններում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը իր առաքելության շրջանակներում իրականացնում է արցախիններին աջակցող բազմաթիվ  ծրագրեր եւ միջոցառումներ: Հատուկ ուշադրություն է դարձվում արցախահայության միաբանության ու տոկունության պահպանմանը:

«2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմից և բռնի տեղահանումից հետո Արցախի թեմը վերսկսել է իր գործունեությունը Երևանում։ Այս դժվարագին շրջանում թեմը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը արցախահայությանը միահամուռ պահելու համար:

Արցախի թեմի գործունեության զգալի մասը ուղղված է արցախահայության միասնականության ու տոկունության պահպանմանը և հայրենակիցների սոցիալ–հոգեբանական վիճակի հնարավորինս մեղմացմանը։ Այդ առումով մեծ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի դերը, որը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար:

Արցախի թեմի համար առանցքային հարց է հավաքական վերադարձը, ինչի հանդեպ չպետք է կորցնենք մեր հույսն ու հավատը: Հատկանշական ենք համարում նաև արցախյան ինստիտուտների պահպանումը, ինչը կարևոր դերակատարություն կունենա թե արցախահայության խնդիրների լուծման և թե հավաքական վերադարձի հարցերում:

Արցախի թեմի առաջնորդը պարբերաբար հանդիպումներ է ունենում միջազգային հարթակներում գործունեություն իրականացնող անձանց հետ, տարբեր երկրներում մասնակցում գիտաժողովների ու համաժողովների, որտեղ Սրբազան Հայրը բարձրաձայնում է Արցախի հարցի, արցախցիների` հայրենի հողում ապրելու իրավունքների, ինչպես նաև ադրբեջանական շարունակական վանդալիզմի մասին:

Դեռևս 2024 թվականի հունիսից Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդը նախաձեռնել է հանդիպումների շարք, որի ժամանակ Վրթանես Սրբազանը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած մեր արցախցի հայրենակիցների հետ։ Հանդիպումների ընթացքում խոսվել է բռնի տեղահանվածների սոցիալական, բարոյահոգեբանական խնդիրներից և այն բոլոր մարտահրավերներից, որոնց առչվել են տեղահանումից հետո։

Արցախի թեմի գրասենյակը լուրջ քայլեր է ձեռնարկում հրատարակչական բնույթի աշխատանքներ իրականացնելու գործում, ինչը հատկանշական է, առավել ևս, ներկայիս իրավիճակում, երբ չի դադարում վանդալիզմի դրսևորումները ադրբեջանական կողմից:

Արցախի թեմն իր աշխատանքը շարունակում է նաև համացանցային հարթակներում: Թեմի կայքը այսօր էլ չի դադարել իր կանոնավոր գործունեությունը և ակտիվ կերպով շարունակում է այն:

Մեծածավալ աշխատանքներ են տարվում կայքում ստեղծելու Արցախի բնակավայրերի և վանքերի ու եկեղեցիների բազա՝ պատմություններով ու նկարներով։

Արցախի թեմը իր ուշադրությունը կենտրոնացնում է հատկապես երիտասարդների վրա։ Եկեղեցու նվիրյալ երիտասարդները այստեղ ևս համախմբվում են Արցախի թեմի շուրջ։ Տեղի են ունենում մի շարք հանդիպումներ տարբեր ձևաչափերով (հոգևոր, հոգեբանական և այլն)։

Արցախի թեմի ողջ գործունեությունը ուղղված է մեկ նպատակին՝ պահպանել արցախահայության միասնությունն ու տոկունությունը։

Այդ մասին ի պատասխան Step1.am –ի հարցերին ասել են ՀԱՍԵ Արցախի թեմի գրասենյակից:

Արսեն Աղաջանյան