ԱԱԾ տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանցից 19 հազարն արտագաղթել է Հայաստանից։
ՆԳՆ տվյալներով՝ 2024 թվականին ընդամենը 5210 արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն։ Վերջին տվյալներով՝ ընդամենը 542 ընտանիք է ձեռք բերել բնակարանի գնման սերտիֆիկատ, եւ ընդամենը 5 ընտանիք է կարողացել տուն ձեռք բերել։
Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը՝ արցախցիների խնդիրները լուծելու համար, այս հարցն այսօրվա ասուլիսում ուղղվեց Նիկոլ Փաշինյանին։
Նա ասաց, որ քննարկել են, թե ինչո՞ւ մարդիկ չեն դիմում՝ բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ «Ներկաներից մեկը կարծիք հայտնեց, որ կարող է պատճառներից մեկն այն է, որ մենք մեր աջակցության ծրագրերը, որ այդպես շարունակաբար տալիս ենք, դա ինչ-որ առումով պրոցեսը խոչընդոտում է։ Մարդիկ ասում են՝ աջակցությունը ստանում ենք, լավ-վատ յոլա ենք գնում, երբ որ սա չի լինի, նոր կմտածենք՝ դիմենք, թե չդիմենք»,- ասաց նա։
Անդրադառնալով արտագաղթի տեմպերին՝ Փաշինյանն ասաց․ «Մարդկանց հոսք կա, բայց մենք դեռ պետք է նույնականացնենք՝ նույն մարդը գնացել, չի եկե՞լ։ Չեմ բացառում եւ հավանականություն կա, որ մարդկանց մի մասը գնացած կլինի։ Այդ աղետից հետո շատերը Ռուսաստանում ունեն ազգականներ, նույնիսկ ընտանիքի անդամներ, եւ ուղղակի գնացել ու ապրում են իրենց մոտ»։