«Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի իր հայրենիք չվերադառնալու որեւէ սցենար, Արցախը չի վերածվի մոռացված հողակտորի»,- այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն չի իրականացնում որեւէ նպատակային քաղաքականություն արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այլ նաեւ բացահայտորեն փորձում է փակել Արցախի հարցը՝ հայտարարելով, թե իբր այն լուծված է։ Սա, Մետաքսե Հակոբյանի խոսքով, կատարյալ անարգանք է ոչ միայն արցախահայության միջազգային անքակտելի իրավունքների նկատմամբ, այլ նաեւ Հայաստանի՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակի նկատմամբ։
«Նիկոլ Փաշինյանի կառավարության համար Արցախն այլեւս գոյություն չունի՝ ոչ տարածքային, ոչ քաղաքական, ոչ նույնիսկ մարդասիրական տեսանկյունից։ Երբ պետության ղեկավարը լեգիտիմացնում է էթնիկ զտումը իր հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ, դա այլեւս պարզապես սխալ չէ, դա հանցավոր ոտնձգություն է ազգի իրավունքների նկատմամբ։ ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն լուռ հետեւել է արցախցիների բռնի տեղահանմանը, այլ նաեւ հետեւողականորեն խեղաթյուրել է իրականությունը, ոչնչացրել է բանակցային ողջ ժառանգությունը։ Իսկ այժմ փորձում է պատմության էջից ջնջել Արցախը՝ որպես ազգային քաղաքական միավոր։ Սակայն Արցախը չի մոռացվելու, արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որեւէ վարչապետի անձնական ընկալմամբ կամ քաղաքական հարմարավետությամբ։ Այդ իրավունքը երաշախվորված է միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներով՝ մարդուն իր բնակության վայր վերադարձնելու իրավունքով, էթնիկ զտումների արգելքով, ինքնորոշման իրավունքով եւ սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատվորեն ապրեու իրավունքով»,- ասաց նա։
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այսօր բռնի տեղահանված արցախահայությունը ոչ միայն զրկված է հայրենիքից, այլ նաեւ սոցիալապես լքված է, իսկ իրավաբանորեն անորոշ վիճակում է։ Այսօր մոտ 160 հազար բռնի տեղահանված արցախցի մերժված ու մոռացված են, նրանց ճնշող մեծամասնությունը չունի կայուն ապրուստի միջոց, բնակվում է ժամանակավոր կացարաններում, շատերը գոյության կռիվ են տալիս։
«Սոցիալական աջակցության մեխանիզմները ոչ միայն թերի են, բյուրոկրատական, խեղաթյուրված եւ արժանապատվությունը նվաստացնող, այլ հանդիսանում են արցախցիների նկատմամբ Հայաստանից արտագաղթի ծրագրի մաս։ Աշխատանքի եւ կրթության հնարավորությունը գրեթե բացակայում է, մարդիկ, ովքեր Արցախում եղել են պետական ծառայողներ, մասնագետներ, այսօր աշխատաշուկայում անպաշտպան են, չունեն նույն իրավաբանական կարգավիճակը։ Եվ իրենց ամբողջ կենսագրությունը կարծես ջնջվել է։ Իրավական առումով արցախցիներն այսօր կախվածության մեջ են մի համակարգից, որը նրանց չի ճանաչում որպես ամբողջակաան քաղաքացիներ՝ իրենց պատմությամբ, տարածքով ու անցած ճանապարհով։ Նրանք այլեւս ոչ Արցախում են, ոչ էլ ամբողջությամբ Հայաստանում։ Այս իրավական անորոշությունը մարդկանց դարձրել է ստվերային ու գոյատեւող խավ՝ առանց ապագայի հստակ տեսլականի։ Այս ամենը պետական հանցավոր քաղաքականության հետեւանք է»,- հայտարարեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա՝ Հայաստանն ու Արցախն այլեւս հնարավորություն չունեն սպասելու, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օր ոչ միայն բերում է նոր կորուստներ, այլ նաեւ անհնար է դարձնում հետ բերել կորցրածը։ «Եվ եթե այս ամենը բավարար չէ կառավարության հրաժարականի հիմք հանդիսանալու համար, ապա ի՞նչն է բավարար լինելու։ Այսօր հայկական օրակարգում պետք է լինի մեկ հարց՝ կանգնեցնել շարունակվող անկումը եւ վերականգնել վստահությունը պետության, նրա ապագայի նկատմամբ»,- նշեց Հակոբյանը։