Գուրգենյանների ընտանիքն օրերս դարձել է բնակապահովման ծրագրի շահառու

  • 09:58 20.11.2025

Սևակ և Մարիաննա Գուրգենյանները բազմազավակ ծնողներ են։ Արցախի Ասկերան քաղաքից են տեղահանվել 2023 թվականի սեպտեմբերին։ Չորրորդ դուստրը՝ Եվան, տեղահանությունից հետո է ծնվել։ Բնակվում են Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Նրանց հետ է ապրում նաև Մարիաննայի մայրը՝ Միրա Հայրապետյանը։

Ավագ դուստրը՝ Մանեն, սովորում է Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<Դիզայն և մոդելավորում>> բաժնում։ Արդեն երկրորդ կուրսի ուսանողուհի է, գերազանց գնահատականների շնորհիվ անվճար է սովորում։ Նարեն ու Մարիան դպրոց են գնում, փոքրը՝ Եվան, դեռ մի տարեկան չկա։

Գուրգենյանների ընտանիքն օրերս դարձել է բնակապահովման ծրագրի շահառու։

Բազմազավակ մայրն ասում է

-Տեղահանությունից հետո, երբ հաստատվեցինք Մեծամորում, սկզբից դժվար էր հարմարվել մեր նոր բնակավայրին։ Ծանր օրեր էին, առանձնապես մեր ավագ դստրերի համար, որովհետև նրանք շատ էին կարոտում իրենց ընկերներին, հարազատ դպրոցը։

Որոշ ժամանակ հետո հասկացանք, որ պետք է մեր տունն ունենանք։ Ընտանիքի բոլոր անդամներով ՀՀ նոր անձնագրեր ստանալուց հետո դարձանք Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։ Այս պահին բնակարանի գնման գործընթացը գտնվում է բանկում։ Գիտենք, որ մեծ դժվարությամբ են արցախցի ընտանիքները ըստ տրամադրվող հավաստագրի գումարի բնակարան գտնում, սակայն մեզ համար հեշտ էր, քանի որ մենք գնում ենք այն բնակարանը, որը վարձակալել էինք ի սկզբանե։ Բնակարանը 3 սենյականոց է, վաճառքի գինը համապատասխանում է մեր հավաստագրով սահմանված գումարին։ Որպեսզի բանկերում պարտքեր չգոյացնենք, որոշեցինք գնել հենց այս բնակարանը։

Ընտրել ենք Մեծամորը, որովհետև այն շատ հանգիստ, մաքուր քաղաք է, հիշեցնում է մեր Ասկերանը, միաժամանակ երեխաներն արդեն հարմարվել են, ու մենք գտանք, որ պետք  չէ նրանց կրկին սթրեսի ենթարկել՝ փոխելով միջավայրը։

Միրա Հայրապետյանը բազմավաստակ մանկավարժ է, ինչպես նաև բանիմաց հողագործ։ Մեծամորում նա զբաղվում է հողի մշակմամբ ինչպես Արցախում՝ այստեղ ևս բարիքներ է ստեղծում։

-Երբ դարձանք բնակապահովման ծրագրի շահառու և սոցիալական ցանցերում կիսվեցինք մեր ուրախությամբ, բազմաթիվ զանգեր ստացանք։ Մարդիկ զանգում, շնորհավորում և խորհուրդ են հարցնում՝ ինչ անել, ինչպես սկսել գործընթացը։ Մեր հայրենակիցները շատ նեղ դրության մեջ են ու աշխատած գումարը ծախսում են բնակվարձերի վճարների վրա։ Խորհուրդ եմ տալիս օգտվել աջակցությունից ու տուն ձեռք բերել։ Իհարկե, 1-3 հոգանոց ընտանիքներն այդ հարցում կանգնած են դժվարության առջև։ Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը խնդրին պետք է այլ մոտեցում ցուցաբերի, որպեսզի արցախցի ոչ մի ընտանիք անտուն չմնա։

Հայաստանում տուն ձեռք բերելը չի նշանակում, թե մենք կորցրել ենք Արցախ վերադարձի հույսը։ Մենք հավատում ենք, որ հավաքական վերադարձ անպայման լինելու է։ Պարզապես մեր երեխաների համար մենք պարտավոր ենք նորմալ պայմաններ ստեղծել, հանուն նրանց պայքարել։

Կարինե Բախշիյան