Մինչ Հայաստանում դատարկ քննարկումներ են, Բաքուն հիշեցնում է գլխավոր փաստաթղթի մասին

  • 21:42 04.12.2025

Ստեփանակերտի Թումանյան փողոցը, որն այլևս գոյություն չունի

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հնարավորություն կստեղծեն ստորագրված համաձայնագրի վավերացման համար», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում։

Նախարարը նշել է, որ «գոյություն ունեցող տարածքային պահանջների բացառումը ՀՀ Սահմանադրությունից թույլ կտա ստորագրել նախաստորագրված երկկողմ համաձայնագիրը, ապահովել դրա հետագա վավերացումը և հաստատել վերջնական խաղաղություն»։

«Տարածքային պահանջներ» ասելով՝ նա նկատի ունի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այլ փաստաթղթերի հրապարակումից հետո Հայաստանում շարունակվում են դատարկ քննարկումները բաց թողնված հնարավորությունների և տեղի ունեցածի համար մեղավորների մասին։

Մինչդեռ, ղարաբաղյան հակամարտությունը առաջացավ և անմիջապես լուծվեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի համատեղ որոշմամբ։ Ո՛չ ագրեսիան, ո՛չ բնակչության տեղահանությունը, ո՛չ էլ Արցախի «պատկանելության» վերաբերյալ համաշխարհային կոնսենսուսը չեն կարող փոխել այս որոշումը։ Ահա թե ինչու Բաքուն պահանջում է, որ այս բանաձևը հանվի ՀՀ Սահմանադրությունից։

Հայկական քաղաքական ուժերի լուռ կոնսենսուսը 1989 թվականի հիմնարար որոշումը անտեսելու շորջ ցույց է տալիս, որ նրանք մեղսակից են հանցագործությանը և Արցախի ցեղասպանությանը, հետևաբար՝ հայկական պետականության փլուզմանը։

Խորհրդարանական քննարկումներից տպավորություն է ստեղծվում, որ հայերն իրենք են բաժանվել թիմերի և ինքնասպան են եղել, գրավել սեփական տարածքները, հանձնվել, ապա անհայտ պատճառներով լքել Արցախը և տեղափոխվել Հայաստան։ Խորհրդարանական քննարկումների մասնակիցներին լսելով՝ թվում է, թե պատերազմի և Արցախի տեղահանության համար մեղավոր են կամ երեք նախկին նախագահները, կամ Նիկոլ Փաշինյանը։ Եվ ոչ մի կողմ չի հիշատակում Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան, ոչ էլ հարցնում է, թե ինչու էին ռուսական զորքերը 2020 թվականի նոյեմբերի 10-ին հայտնվել Արցախում։

Այս հարցերը խորը տաբուի տակ են. Ռուսաստանի, Թուրքիայի կամ որևէ այլ երկրի դեմ ցանկացած մեղադրանք կարող է թանկ նստել քաղաքական ուժերի վրա։ Շատ ավելի հեշտ է մեղադրել իրար, ապա տուն գնալ և գոհ ճաշել՝ առանց վախենալու Մոսկվայից կամ այլ մայրաքաղաքներից զանգ ստանալուց։