Ասկերանը՝ առանց սվետաֆորի, բայց մեծ սրտով. Աշոտ Գաբրիելյանի հիշողությունների քաղաքը

  • 09:28 20.01.2026

Ասկերանը Արցախի այն քաղաքներից է, որը քարտեզի վրա փոքր է, բայց հիշողության մեջ՝ մեծ։ Փոքրիկ դարպասներով, ֆիննական տներով, ամուր համայնքով ու հյուրընկալությամբ այն դարձել է հազարավոր մարդկանց մանկության, ինքնության և կորստի խորհրդանիշ։

Աշոտ Գաբրիելյանը Ասկերանի մասին չի պատմում որպես անցյալ ժամանակի քաղաք. նրա խոսքում այն շարունակում է ապրել, առաջին հերթին՝ մարդկանց սրտերում։

Ասկերանը Աշոտի հիշողության մեջ փոքր ու հարազատ քաղաք է, որտեղ «փոքր լինելով՝ մեծ տեղ էր զբաղեցնում»։ Նա հիշում է ֆիննական տները, քաղաքի կոլորիտն ու այն ապահովության զգացումը, որ տալիս էր Ասկերանը։

Մեծ քաղաքները նա չափում է սվետաֆորների քանակով․ Ասկերանում դրանք չկային, բայց կար 400 երեխա ունեցող դպրոց՝ քաղաքի միակն ու առաջադեմը։

«Երբ ասում են Արցախ, ես ոչ թե պապ ու տատը, այլ առաջին հերթին հենց Ասկերանն եմ հիշում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Կրեպուստը», ինչպես այնտեղ էինք անվանում ամրոցը։ Իմ մանկությունն անցել է Ասկերանի սարերում ու ձորերում»,- պատմում է Աշոտը։

Նա նշում է՝ երկար տարիներ երբեք չի զգացել, թե ինչ է նշանակում «կոնֆլիկտային զոնա» հասկացությունը։ Սակայն 2020 թվականից հետո Ասկերանը դարձավ սահմանային քաղաք։ «Դժվար էր, որովհետեւ մեր գյուղերը, որտեղ այցելում էինք մեր հարազարտներին, մնացին ադրբեջանի տիրապետության տակ, քաղաքը սահման դարձավ, բայց հյուրընկալ ոգին պահպանեց։ Պատերազմից հետո Ասկերանը ընդունեց նաև տեղահանվածներին»,- ասում է նա։

«Գիտակցական մակարդակում բոլորը պատերազմի եւ տեղահանության մտքեր ունեինք,- ասում է, -բայց որ տեղի կուեննա մեզ հետ՝ չէի պատկերացնի»։

Հիշում է մի դրվագ, երբ Կարմիր Շուկայով անցնելիս հադրութեցի ընկերոջը մի հարց էր տվել, որին ինքը բախվեց 2023-ից հետո, երբ հասավ Գորիս՝ այդքան մոտ, բայց անհաանելի դարձած տանը։

Աշոտը հասկանում է, որ բնական է, երբ մարդիկ ամբողջությամբ չեն կարող հասկանալ արցախցիների ապրածը։ «Կարող են ապրումակցել, բայց ամբողջությամբ՝ ոչ»,- նշում է նա։

Բլոկադայի ընթացքում նա մի քանի փուլով է «ճաշակել» շրջափակումը։ Դեկտեմբերի 3-ին ճանապարհին էր, ապա մեկ շաբաթ անց մնաց Երևանում։ Այդ ընթացքում աշխատում էր որպես ուսուցիչ, կիսամյակային շրջանն էր։ Վախն ու պատասխանատվության զգացումը ծանր էին՝ հատկապես այն մտքից, որ չի կարողանում հասնել իր ընտանիքին։

Երևանում նա մասնակցում էր ցույցերին, իսկ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակում աշխատում էր սահմանի այս կողմում մնացած երեխաների հետ։

Երբ արդեն կարողացավ վերադառնալ Ասկերան, ամենաանհարմարը էլեկտրականության անջատումներն էին։ «Անընդհատ ուզում էի ասել՝ լույսը միացրեք»,- հիշում է նա։

Կոլխոզաշենում Աշոտը 12-րդ դասարանի դասղեկ էր։ Ամռանը բլոկադայի պայմաններն արդեն խիստ ծանր էին։ Նա պատմում է, որ երբեք նպատակ չի ունեցել ցավի վրա բլոգ ստեղծել։ Թեպետ շատերն էին կարդում ու արձագանքում, ժամանակի ընթացքում նա սկսեց մտածել՝ ինչպես այսօր շատ են խոսում Գազայի մասին, բայց իրական փոփոխություններ չեն լինում։

«Ես իրազեկում արեցի, բայց միևնույնն էր»,- ասում է Աշոտը։ Այդ պատճառով նա ուզում է Արցախը հիշել ոչ միայն բլոկադայով։ Նրա համար Արցախը միայն շրջափակում ու պատերազմ չէ։

Աշոտի ընտանիքում երեք տղաներ են։ Նա հաճախ տեսնում է, թե ինչպես են նույնիսկ իր տնեցիները նայում իրենց տների նկարներին՝ ամեն մեկը իր ձևով, իր ոլորտով, իր մարդկանցով։ Այդ պատկերները երբեմն հույս են տալիս, երբեմն՝ հույսը կտրելու եզրին են հասցնում։ «Եթե մի օր տեսնենք մեր տունը՝ կա, թե չկա, դա բեկումնային պահ կլինի»,- նշում է նա։

Այսօր ընտանիքը փորձում է նոր տուն ստեղծել՝ պահպանելով այն մթնոլորտը, որ կար հայրական տանը։ «Կարևորը՝ մենք կանք»,- ասում է Աշոտը։

Ասկերանցիները, նրա խոսքով, փորձում են պահպանել համայնքային կապը նաև այստեղ։ Կարևոր է միաժամանակ և՛ համայնքի մնալը, և՛ ինտեգրվել։ «Մաման արցախյան ուտելիքներ է հյուրասիրում հարևաններին, զրույցներ են սկսվում ներքին մշակույթների մասին»,- ասում է Աշոտը, կյանքը կամաց-կամաց շարունակում է առաջ գնալ։

Ասկերանը Աշոտ Գաբրիելյանի համար ոչ միայն ծննդավայր է, այլ հիշողության ու ինքնության առանցք։ Քաղաք, որը սվետաֆորներ չուներ, բայց ուներ ճանապարհ ցույց տվող մարդիկ։ Այսօր, երբ դեռ շատերը չունեն տներ եւ համայնքը պահպանելու ֆիզիկական տարածք, Ասկերանի համայնքը շարունակում է ապրել՝ մարդկանց մեջ, բարբառը պահպանելու ու փորձի փոխանցման մեջ։

Մարիամ Սարգսյան