
Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ։
Մասնավորապես, տեքստում նշվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն զեկույց ԵԱՏՄ պայմանագրի կասեցման Հայաստանի համար հնարավոր հետևանքների մասին։
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հաշվի են առնում «ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար էական ռիսկերը, որոնք առաջանում են ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստական աշխատանքների հետ կապված, ինչպես նաև Միության անդամ պետություններին դրա հետ կապված վնասները կանխելու անհրաժեշտությունը»։
ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կարծիքով, Հայաստանում հանրաքվեն՝ երկրի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ, պետք է անցկացվի հնարավորինս շուտ։
Ի՞նչ «ժամկետ» է նկատի առնվում, հաշվի առնելով, որ մինչև Հայաստանի ընտրությունները մնացել է ընդամենը մեկ շաբաթ։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատեց Երևանի հանձնառությունը՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում։
«Հայաստանը մտադիր է շարունակել մասնակցել Միության աշխատանքներին բարի կամքով՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերի հաշվառման վրա», – հայտարարեց փոխվարչապետը։
Գրիգորյանի խոսքով՝ Երևանը եվրասիական ինտեգրացիան դիտարկում է որպես կարևոր գործիք՝ ապահովելու տնտեսական կայունություն և կայուն զարգացում ինչպես առանձին երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
ՀՀ փոխվարչապետը առաջարկեց մի շարք նախագծեր՝ եվրասիական համագործակցությունն ամրապնդելու համար։
«Զարգացման հիմնական գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացիան է, որը զգալի խթան կհաղորդի առևտրաշրջանառության աճին», – նշեց նա։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հանդիպմանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, «դրական և նորմալ» տրամադրություն ունի։ «Նա նորմալ, խելացի մարդ է. նա ամեն ինչ հիանալի հասկանում է», – ասել է Ուշակովը։
«Մենք բոլորս հայտարարել ենք. մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պուտին, Ռուսաստանի նախագահ) իր ելույթում նշել է. մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը», – ասել է Լուկաշենկոն։
Չնայած նրան, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ նշան չի ցուցաբերում, կազմակերպությունն արդեն պատրաստ է «բաց թողնել Հայաստանին», և որքան շուտ, այնքան լավ։