
Մեր հայրենակիցները Գորիսից դուրս են եկել, բայց թե որտեղ են այս պահին գտնվում, չենք կարող ասել։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ անդրադառնալով Արցախից օրերս Հայաստան վերադարձած 10 մեր հայրենակիցներին։
«Նրանք գտնվում են պետական հոգեծության ներքո, անցնում են անհրաժեշտ բուժզննումները և հոգեբանական աջակցությունները։ Միայնակ ապրող և հարազատ չունեցող մարդիկ կգտնվեն պետության աջակցության ներքո այնքան ժամանակ, մինչև բնակարան ձեռք բերեն տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում»,–ասաց նա։
Վերջին 10 մարդկանց բռնի տեղահանումը, ովքեր ցանկանում էին մնալ իրենց տներում, արցախցիների կողմից ընկալվեց որպես վերջնական հարված։ Ոմանք լուռ նախանձում էին այն մարդկանց, ովքեր վերջերս էին տեսել Արցախը՝ աչքներիդ մատաղ, իսկ մյուսները խորը հառաչում՝ հասկանալով, որ վերադարձի վերջին թելը կտրվել է. եթե Ստեփանակերտում 10 հայի համար տեղ չկար, ապա ի՞նչ կարելի է ասել մնացածի մասին։
Չնայած դրան, քաղաքական ուժերը դեռևս պնդում են «վերադարձի իրավունքը»՝ խանգարելով արցախցիներին ձևակերպել իրենց բնական իրավական և քաղաքական պահանջները։ Միջազգային իրավաբանները ցնցված են, որ հայկական կողմը, և մասնավորապես արցախցիները, դեռևս չեն որոշել, թե ինչ են ուզում՝ վերամիավորման մասին 1989 թվականի բանաձևի իրականացում, վերադարձ Հայաստանից անջատ պետություն, թե՞ վերադարձ ադրբեջանի իրավասության ներքո։
10 հայերի և մեկ ռուս ազգությամբ հայ քաղաքացու տեղահանումը Ղարաբաղից, ենթադրաբար, պայմանավորված է Բաքվի իշխանությունների կողմից ռասիզմով և անտանելի կենսապայմաններով։ Միջազգային իրավունքի մասնագետ և իրավաբան Արա Ղազարյանը այս տեսակետը հայտնել է «Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հարկադիր տեղահանման ժամանակ այդ անձինք կամավոր որոշել էին մնալ Ստեփանակերտում։
Արա Ղազարյանը կարծում է, որ իշխանությունների լռությունը կարող է պայմանավորված լինել փոխադարձ համաձայնություններով, իսկ ղարաբաղցի քաղաքացիների տեղահանումը հետևանք է Ադրբեջանի կողմից ճնշման աճի, այն բանից հետո, երբ Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ Կարեն Ավանեսյանին “մեղադրել են” Ալիևի վրա “մահափորձի” մեջ։
Պաշտպանությունը չի կարողացել ադրբեջանական կողմից տեղեկատվություն ստանալ Կարեն Ավանեսյանի առողջության մասին։
«Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում Ղազարյանը նաև հայտնել է, որ անցյալ շաբաթ Եվրադատարան է ներկայացվել 335 դիմում՝ վերադարձի իրավունքի հիման վրա, ղարաբաղցի բռնի տեղահանված բնակիչների անունից։
«Եվրոպական դատարանը մեզ հնարավորություն է տվել դիմումներ ներկայացնել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների անունից՝ որոշ չափով պարզեցված ընթացակարգով։ Մենք այս գործընթացն իրականացնում ենք արդեն մեկ տարուց ավելի։ Մենք դիմումներն ընդունում ենք որպես մասնավոր խումբ՝ առանց պետական մարմինների որևէ օգնության կամ միջամտության», – նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ սեփականության իրավունքի և վերադարձի իրավունքի հիմքով հավաքագրվել է ևս ավելի քան 1000 դիմում։
Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, օկուպացված Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է: «Իրենք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի: Հակարի հասնելու, էդտեղ են հասկացել, որ փոխում են», – «Ազատությանը» փոխանցեց Պետրոսյանը:
Ըստ ականատեսներից մեկի՝ ողջ ճանապարհին մահվան սարսափից հեկեկում էր Ռիտան՝ ազգությամբ ռուս, բայց Արցախում որդեգրված-մեծացած մի կին, որ շներին ու կատուներին էր կերակրում: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, և մեկ էլ պարզել են՝ իրենցից մեկը չկա:
«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն, [Միշա Գրիգորյանը], որը ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», – պատմեց Տիգրան Պետրոսյանը:
Միշա Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում՝ այս հայերն ինչո՞ւ հեռացան Արցախից:
Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել:
Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ վերջին ամիսները դժոխային են եղել Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում. այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ մեկ տասնյակ հայերի՝ հիմնականում առողջական խնդիրներով, միայնակ մարդիկ:
«Իրենք վերջին ամիսներին բոլորովին փակված էին՝ գերու կարգավիճակով, էնքան որ սնունդ էին տալիս: Իրենք միշտ ասում էին՝ «խի՞ եք է մնացել, խի՞ չեք գնում, խի՞ չեք գնում, գնացեք, գնացեք», – նշեց Պետրոսյանը:
Վերադարձածներից մեկի հարազատը պատմեց՝ ընտանիքի անդամին երկուսուկես տարի անց տեսել է ծեծված, բռնության հետքերով:
Առողջապահության նախարարությունից ասացին՝ երեք հոգի հոգեբուժական հաստատություններում են՝ բուժզննման նպատակով: Ծանր վիճակում գտնվողներ չկան:
«Ազատության» տեղեկությամբ՝ 11 տեղափոխվածների մեծ մասը Աղվերանում՝ մի հյուրանոցում են տեղավորվել:
Այսպիսով, 2023-ին Արցախում մնացած վերջին հայերին ևս բռնի տեղահանել են, ցույց տալու համար, թե ինչ էր սպասում այն մարդկանց, որոնց ուզում էին “թողնել” Արցախում 2023-ին։ Պետք էր մնալ, ամեն ինչ լավ կլիներ, ասում էին որոշ հայ պաշտոնյաներ։ Ռուս զինվորականները ևս համոզում էին մնալ՝ “մենք ձեզ կպաշտպանենք”։
2,5 տարի անց ով ողջ, ով մեռած, խոշտանգված, վախեցած կբերեին Հակարի և կհանձնեին։