
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռմբակոծությունների և հրթիռային հարձակումների հետ մեկտեղ, մոլեգնում է կատաղի տեղեկատվական և հոգեբանական պատերազմ, որտեղ յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իրադարձությունների ամենաանհավանական տարբերակները՝ համաշխարհային հանրությանը գցելով հուսահատության և խուճապի մեջ։ Տարբերակները տատանվում են ամենադավադիր՝ կրոնական և ապոկալիպտիկ տեսություններից մինչև փաստերի ընտրողական ներկայացում։ Մարդիկ չգիտեն, թե ում հավատալ՝ ով է հաղթում այս պատերազմում, որոնք են դրա իրական նպատակները, և արդյոք այն իսկապես պետք է ավարտվի միջուկային ապոկալիպսիսով, որպեսզի «ոսկե միլիարդը» հետո դուրս գա բունկերներից և կառուցի նոր «աշխարհակարգ»։
Իրանը պնդում է, որ երկիրը կարողացել է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, պահպանել է կառավարումը և ներքին կայունությունը և պատրաստ է պայքարել առնվազն վեց ամիս։ Իրանը կոչ է արել Իսրայելի բնակչությանը լքել իրենց տները, քանի որ Իրանը ոչնչացրել է բոլոր ռադարները, որոնք իսրայելցիներին տեղեկացնում էին հրթիռային հարվածների մասին, ինչը նշանակում է, որ Իսրայելում այլևս անվտանգություն չկա։
Ամերիկյան և իսրայելական կողմերը պնդում են, որ գրեթե ոչնչացրել են Իրանի պետական համակարգը և ռազմական ներուժը՝ արդեն իսկ պատրաստվելով նշանակել «իրենց» Գերագույն այաթոլլահին և մասնատել Իրանը և ամբողջ Մերձավոր Արևելքը։
Համացանցում շրջանառվում են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս Իրանի կողմից Չինաստանից գնված փչովի զենքերը, որոնք, ենթադրաբար, «ոչնչացրել են» Իսրայելը և Միացյալ Նահանգները։
Թրամփը՝ գլխավոր նյուզմեյքերը, ասում է, որ եթե նրանք չհարձակվեին Իրանի վրա, ապա Իրանն արդեն կոչնչացներ Իսրայելը, չնայած նախկինում պնդում էր, որ Իրանը նման կարողություն չունի։
Գրում են հակամարտության կրոնական դրդապատճառների մասին, որոնք, ենթադրաբար, բխում են Ապոկալիպսիսի, Մեսիայի գալստյան և Տաճարի կառուցման մասին աստվածաշնչյան պատմություններից։
Քրդերը, Նախիջևանը, Հորմուզի նեղուցը, արաբների պատերազմի մեջ մտնելը, Եվրոպայի մերժումը, Ռուսաստանի և Թուրքիայի լռությունը, նավթի գների աճը, թթվային անձրևը՝ ամեն օր բերում է հոգեբանական պատերազմի նոր պատմություն։ Սակայն այս ամենը ստվերվում է գլխավոր փաստարկի՝ միջուկային զենքի օգտագործման հնարավորությունով, որն արդեն անխուսափելի է համարվում։ Վերլուծաբանները նշում են, որ Իրանը կարող է միջուկային զենք օգտագործել, եթե անկյունում հայտնվի։ Մյուսները պնդում են, որ Իսրայելը կօգտագործի այդ զենքն Իրանում։
Դժվար է տարբերակել փաստերը, երբ բոլոր կողմերից ներթափանցում է համաշխարհային հանրությանը շփոթեցնող տեղեկատվություն: Սակայն Հայաստանում պատուհանից դուրս նայելը բավարար է հասկանալու համար, թե ինչքան մոտ են մեզնից այդ իրադարձությունները և ինքան հավանական է մեր կյանքի վրա անխուսափելի ազդեցությունը՝ ոչ թե հոգեբանական պատերազմի, այլ իրական սպառնալիքների տեսքով: Բաքուն արդեն «կոչ» է արել Իրանին հրթիռներ արձակել Երևանում գտնվող ԱՄՆ դեսպանատան վրա, որը Իրաքից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ ԱՄՆ դեսպանատունն է և գտնվում է Հայկական ատոմակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Նման կոչերը պատահական չեն արվում. տեղեկատվական պատերազմի համատեքստում ցանկացած ուժ կարող է սադրանք կազմակերպել Հայաստանում՝ այն վերածելով պատերազմի հիմնական ասպարեզի: