Սի-Թրամփ. Հիմնական շեշտը չիպերի վրա է, որոնք և որոշում են պատերազմների արդյունքը

  • 09:05 14.05.2026

Աշխարհը բախվում է խորը փոփոխությունների և «տուրվուլենտության», ուստի այն, թե արդյոք Միացյալ Նահանգներն ու Չինաստանը կարող են հաղթահարել «Թուկիդիդեսի ծուղակը» և ստեղծել խոշոր տերությունների հարաբերությունների նոր մոդել, կախված է Միացյալ Նահանգների և Չինաստանի համատեղ ջանքերից, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ:

«Կարո՞ղ ենք միավորել ուժերը՝ գլոբալ խնդիրները լուծելու և աշխարհում ավելի մեծ կայունություն ապահովելու համար, կարո՞ղ ենք հոգ տանել մեր երկու ժողովուրդների բարեկեցության, մարդկության ապագայի և ճակատագրի մասին և համատեղ ստեղծել երկկողմ հարաբերությունների պայծառ ապագա. սրանք, կարելի է ասել, պատմության, խաղաղության և ժողովրդի հարցեր են», – ասել է Սի Ցզինպինը (մեջբերել է CNN-ը):

Նա հավելել է, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների ընդհանուր շահերը գերազանցում են նրանց տարաձայնությունները, և որ յուրաքանչյուր կողմի հաջողությունը հնարավորություն է մյուսի համար: «Չինաստան-ԱՄՆ կայուն հարաբերությունները օգտակար են աշխարհի համար», – ասել է Չինաստանի առաջնորդը։

«Թուկիդիդեսի ծուղակը» տերմին է, որը տարածվել է ամերիկացի քաղաքագետ Գրեհեմ Ալիսոնի կողմից՝ նկարագրելու պատերազմի ակնհայտ միտումը, երբ նոր, աճող տերությունը սպառնում է փոխարինել արդեն իսկ գոյություն ունեցող մեծ տերությանը որպես միջազգային գերիշխան։

Իր հերթին Թրամփը հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սի Ցզինպինին համարում է «մեծ առաջնորդ»։ Նա ընդգծեց, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները «ֆանտաստիկ» են։

«Ես պատիվ եմ համարում լինել ձեր ընկերը, և Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավ, քան երբևէ», – հավելեց ամերիկացի նախագահը։

Սի Ցզինպինի հետ հանդիպումից առաջ Թրամփը հայտարարել է, որ կխնդրի նրան «բացել» Չինաստանի տնտեսությունը խոշոր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար։

Նա հավելել է, որ ակնկալում է Իրանի վերաբերյալ «երկար քննարկում», բայց ընդգծել է, որ հակամարտությունը դադարեցնելու համար Պեկինի օգնության կարիքը չունի։

Թրամփը Պեկին է ժամանել մայիսի 13-ին։ Նրա այցի հիմնական միջոցառումները նախատեսված են մայիսի 14-15-ը։

Ամերիկյան պատվիրակության կազմում են Թրամփի որդին՝ Էրիկը, և մի քանի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ չիպեր արտադրող Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Էլոն Մասկը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը և ամերիկյան ամենամեծ ներդրումային ընկերության՝ BlackRock-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինկը։

Թրամփին ուղեկցում են նաև մի շարք այլ խոշոր ամերիկյան ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Meta-ի, Visa-ի, JP Morgan-ի, Boeing-ի և Cargill-ի։

Հուանգի անունը համեմատաբար վերջերս է հայտնվել բանակցությունների մասնակիցների ցանկում, ինչը ուշագրավ է, քանի որ նրա ընկերությունը արտադրում է արհեստական ​​բանականության համակարգերի համար անհրաժեշտ չիպեր, որտեղ Միացյալ Նահանգները և Չինաստանը հիմնական մրցակիցներ են։ Nvidia-ի գործադիր տնօրենը սկզբում նախատեսված չէր այցին մասնակցելու, սակայն Թրամփը անձնական հրավեր ուղարկեց։

Վերջին ամիսներին համաշխարհային լրատվամիջոցները խոսում են տեխնոլոգիական հեղափոխության մասին, որն արդեն իսկ ազդեցություն է ունենում պատերազմների վրա։ Մասնավորապես, պնդվում է, որ արհեստական ​​բանականության վրա հիմնված մեծ տվյալների վերլուծության մեջ մասնագիտացած ամերիկյան Palantir ընկերության հետ համագործակցությունը թույլ է տվել Իսրայելին սպանել Իրանի առաջնորդներին Իրանի հետ պատերազմի սկզբնական օրերին։ Այժմ լուրեր են շրջանառվում, որ Ուկրաինային հաջողվել է պատերազմը տեղափոխել Ռուսաստանի տարածք՝ շնորհիվ Palantir-ի և այլ տեխնոլոգիական հսկաների հետ համագործակցության։