
106 տարի առաջ՝ 1920 թվականի մարտի 22-ին, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի վարչակազմի կողմից սկսվեց և չորս օր անընդմեջ՝ մինչև մարտի 26-ը ներառյալ, իրականացվեց հայոց հինավուրց բնակավայրերից մեկի՝ Շուշիի հայության ցեղասպանությունը:
Այդ թվականին Շուշիում ապրում էր մոտավորապես 44.000 մարդ, որից մոտավորապես 24.000-ը հայեր էին, 20.000-ը՝ պարսիկներ, լեռնային մահմեդականներ և այլն: Իրականացված ցեղասպանության հետևանքով հայերի թիվը կտրուկ նվազեց և կազմեց մոտավորապես 5000 մարդ:
Շուշիում իրականացված հայերի ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործություն էր հայ ազգի նկատմամբ, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Առաջադեմ մարդկության կողմից այն մինչև օրս չի ստացել ոչ քաղաքական, ոչ էլ իրավական գնահատական, ինչը թույլ է տվել Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերին ձևավորել և ինստիտուցիոնալացնել հայատյաց ու ցեղասպան գաղափարախոսություն՝ անարգել շարունակելով ցեղասպանական քաղաքականության իրականացումն Արցախի բնիկ տեր հայության նկատմամբ:
Հայ ազգի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականությունը նկատի առնելով` ցեղասպանության ուսումնասիրության և կանխարգելման հարցերով զբաղվող համաշխարհային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, վերջերս միանգամայն իրավացիորեն Ադրբեջանին համարել է ցեղասպան պետություն:
Հայաստանի Հանրապետությունում ազգային, շետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմի ձևավորման պարագայում անհետաձգելիորեն պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր ի շարս հայ ազգի նկատմամբ իրականացված բազմաթիվ հանցագործությունների Ադրբեջանին ենթարկելու պատասխանատվության 1920թ. մարտին Շուշիի հայության ցեղասպանության համար:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ