
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի դեմ պատերազմում օգնություն չցուցաբերելու համար։
«Մենք միշտ կլինեինք նրանց կողքին, բայց հիմա, դատելով նրանց գործողություններից, չեմ կարծում, որ պետք է նրանց մոտ լինենք, այնպես չէ՞», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին։ Նա մասնավորապես քննադատել է Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որոնք մերժել են ԱՄՆ-ի կողմից իրենց ռազմաբազաների օգտագործումը, ապա հիշատակել է Գերմանիային։ «Գերմանիայի կանցլերը, նրանք բոլորը իմ ընկերներն են, Ֆրիդրիխը՝ Գերմանիայի կանցլերը, ասել է. «Սա մեր պատերազմը չէ», – ափսոսանքով նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ այդ դեպքում, իր կարծիքով, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ևս չպետք է համարվի ԱՄՆ պատերազմ։
Միևնույն ժամանակ, Գերմանիայում տեղի է ունենում իսկական գաղափարախոսական հեղափոխություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային իրավական համակարգը կառուցված է Հոլոկոստի համար Գերմանիայի մեղքի, Իսրայելի հատուկ դերի և, միևնույն ժամանակ, ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների անվիճելի հարգանքի վրա։ Երկար ժամանակ, չնայած Մերձավոր Արևելքում տեղի ունեցած բազմաթիվ պատերազմներին, արևմտյան երկրները, մասնավորապես Գերմանիան և Միացյալ Նահանգները, շարունակում էին պաշտպանել Իսրայելին և, միևնույն ժամանակ, միջազգային իրավունքին աջակցելու կոշտ դիրքորոշումը՝ Իսրայելը անվանելով Մերձավոր Արևելքում ժողովրդավարության ամրոց։
Այժմ Գերմանիան վերագնահատման պահի առաջ է կանգնած. կամ նրանք աջակցում են միջազգային իրավունքին, կամ Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների պատերազմին: Գործող միջազգային իրավունքի ճակատագիրը մեծապես կախված կլինի Գերմանիայի ընտրությունից։
Կանցլեր Մերցը կարծում է, որ այն, ինչ Թրամփն այժմ անում է Իրանում, խաղաղ լուծման հասնելու փորձ չէ, այլ «անորոշ արդյունքով էսկալացիա»։
«Դիլեման դրանում է, որ միջուկային հնարավորությունները ընդլայնող և սեփական ժողովրդին դաժանորեն ճնշող ռեժիմի դեմ միջազգային իրավունքի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները ակնհայտորեն արդյունք չեն տալիս», – ասել է Մերցը։
Հատկանշական է, որ Վենեսուելայի և Իրանի դեպքերում Գերմանիայի կանցլերը փաստացի կասկածի տակ է դրել միջազգային իրավունքի պարտադիր պահպանումը, մինչդեռ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ նա կտրուկ և անվերապահորեն դատապարտել է Ռուսաստանի կողմից դրա խախտումը։
Արևմտյան փորձագետների կարծիքով, խոշոր երկրները այլևս իրենց պարտավորված չեն համարում պաշտպանել միջազգային իրավունքը: Սա, բացի Ռուսաստանից և Չինաստանից, ավելի ու ավելի է վերաբերում նաև Միացյալ Նահանգներին, ինչպես նաև Իսրաելին: Մասնագետները նշում են, որ մյուս երկրները, ընդհակառակը, պետք է չափազանց շահագրգռված լինեն միջազգային իրավունքին հենվելով և համատեղ պայքարելով դրա պաշտպանության համար։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, չնայած չի ցանկանում մասնակցել Իրանի դեմ պատերազմին ԱՄՆ-ի կողմից, դեռևս անպատասխան է թողնում միջազգային իրավունքի խախտման հարցը: Սակայն Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շատ ավելի հստակ է արտահայտվել: Արտաքին գործերի նախարարությունում կայացած միջոցառման ժամանակ Շտայնմայերը հայտարարեց, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը «ճակատագրական քաղաքական սխալ» էր։
Նա կոչ արեց դաշնային կառավարությանը հստակ դիրքորոշում ընդունել. «Մեր արտաքին քաղաքականությունն ավելի համոզիչ չի լինի, եթե մենք միջազգային իրավունքի խախտումը չանվանենք խախտում: Միջազգային իրավունքը հին ձեռնոց չէ, որը մենք պետք է հանենք և դեն նետենք միայն այն պատճառով, որ ուրիշներն են դա անում։ Ընդհակառակը, դա կենսականորեն կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր խոշոր տերություններ չեն»։
Գերմանիայի հրեական կազմակերպությունները կտրականապես դեմ արտահայտվեցին Շտայնմայերի հայտարարություններին, սակայն նրանց ձայնը այլևս այնքան ազդեցիկ չէ, որքան նախկինում էր։