
Թուրքիան հյուրընկալել է երկու միջազգային ֆորում՝ միջխորհրդարանական և դիվանագիտական: Միջխորհրդարանական ֆորումում Հայաստանը ներկայացրել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, սակայն դիվանագիտական ֆորումին չեն մասնակցել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ալեն Սիմոնյանը կարճ ելույթ է ունեցել ֆորումում՝ նշելով, որ Բաքվում պահվող 19 հայ բանտարկյալների ազատ արձակումը կարևոր է խաղաղության գործընթացի համար: Իր հերթին, Թուրքիայի խորհրդարանի խոսնակը առաջարկել է Հայաստանը ներառել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցության ձևաչափում, ինչին Սիմոնյանը համաձայնել է։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ստիպված է եղել Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին բացատրել Հայաստանում տիրող լարված ներքաղաքական իրավիճակով: Փաստորեն, տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայաստանում ընտրությունների արդյունքների միջև սերտ փոխկապակցվածությունն ավել է ընդգծվել։
Վահան Կոստանյանը խոսել է նաև հաստատված խաղաղության, TRIPP-ի և այլ նախաձեռնությունների մասին, սակայն Ալիևի օգնական Հաջիևը փչացրել է ամբողջ տպավորությունը՝ հիշեցնելով, որ Բաքուն «խաղաղության պայմանագիր» չի ստորագրի, մինչև Հայաստանը չփոփոխի իր սահմանադրությունը։ Իսկ դա տեղի կունենա միայն ընտրություններից հետո, այն էլ՝ եթե Փաշինյանի կուսակցությունը մեծամասնություն ստանա։ Համենայնդեպս, Հայաստանի արդարադատության նախարարն այսօր հայտարարեց, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց այն չի հրապարակվի։ Պետք է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ռիսկի չի դիմի ընտրություններից առաջ։
Հաջիևը նաև նշեց Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու կարևորությունը՝ «Զանգեզուրի միջանցքը» անվանելով տարածաշրջանային հաղորդակցությունների ոչ հիմնական, լրացուցիչ հնարավորություն։ Իրանի պատերազմից հետո TRIPP-ը կորցրեց իր արդիականությունը, և հաղորդակցությունների «խաղաղ» ապաշրջափակման հետ կապված իրավիճակը նույնպես փակուղի է մտել։
Ընդհանուր առմամբ, «խաղաղության գործընթացը» առկախվել, և ոչ այնքան մինչև Հայաստանում ընտրությունների ավարտը, որքան տարածաշրջանում պարզության հաստատումը։ Տարածաշրջանն արդեն փոխվել է, և մեկ ամիս առաջ գոյություն ունեցած իրողությունն այլևս ժամկետանց է։
Ահա թե ինչու խաղաղության մասին խոսակցությունները ավելի շատ դեմագոգիայի են նմանվում, և «խաղաղությունը» այլևս կախված չէ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունից։ Հակառակը՝ Փաշինյանի ճակատագիրն է կախված նրանից, թե որքանով է հիմա «խաղաղությունը» ակտուալ և արդյո՞ք դրա համար Փաշինյանը անփոխարինելի է, թե նրան այլևս “սպառված կաղ բադիկ” են համարում։
Չնայած դրան, Փաշինյանը դեռևս փորձում է համոզել իր գործընկերներին, որ եթե ինքը չլինի, ձեռք բերված բոլոր համաձայնագրերը կվերանայվեն։ Թեկուզ դրանք ամեն դեպքում կվերանայվեն կամ կմեռցվեն։